«Դիսկամֆորտի մեջ եք». Պատգամավորը` արդարադատության նախարարին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր ԱԺ նիստում, երբ ներկայացվում էր կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին հարցը, նկատել էր, որ հարցը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «դիսկոմֆորտի մեջ է»:
Նշենք, որ հարցը ներկայացնելը Արփինե Հովհաննիսյանի համար հինգ րոպե տևեց, և հիմնավորումը մեկ նախադասություն ուներ. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունը պայմանավորված է քաղաքական համագործակցության արդյունքում առաջացած անհրաժեշտությամբ»:
«Ցավում եմ, որ դուք եք ներկայացնում այս հարցը, որը քաղաքական հիմք ունի: Անկեղծ ասեմ` զգում եմ, որ դիսկամֆորտի մեջ եք», դիմելով նախարարին հայտարարեց Մելքումյանը:
Նրա խոսքով, կառավարության կազմի փոփոխության հիմնավորումը «շատ թույլ է»:
«Սենց հիմնավորում չեն անում: Այսինքն` քաղաքական նպատակահարմարության համար շատ բաներ կարելի ա անել, բայց պետք է հաշվի առնել, թե երկիրը պատրա՞ստ է դրան: Մեկ տարի առաջ միացրիք էս նախարարությունները, ուրեմն հիմա վարչության պետերը մնում են, թե նոր կառուցվածք է հաստատում կառավարությունը, ինչ է արվելու», -հետաքրքրվեց Մելքումյանը:
Արձագանքելով Մելքումյանին, նախարար Հովհաննիսյանն ասաց, որ իզուր է պատգամավորը այդ կարծիքին, ինքն ամենևին էլ «դիսկամֆորտի մեջ» չէ:
«Շատ նորմալ, ամբիոնի մոտ կանգնած փորձում եմ ներկայացնել հարցը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ինձ համար առնվազն տարօրինակ է, որ քաղաքական դահլիճում անընդունելի համարվի քաղաքական ձևակերպումը` քաղաքական նպատակահարմարությունը», -հավելեց նախարարը:
Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքական նպատակահարմարությամբ նման որոշումներ կայացնելը միջազգային ասպարեզում ընդունված ձևաչափ է և միայն հայ պատգամավորների համար է դա տարօրինակ համարվում:
Նախարարի խոսքով, ֆունկցիոնալ առումով համապատասխան վարչությունները կգործեն համապատասխան նախարարությունների կազմում:
«Ես չեմ բացառում, որ ոչ անհարմար վիճակ կարող է առաջանալ աշխատակազմերի մոտ, որոնք միավորվել էին, բայց մյուս հարցերում անհարմար վիճակ չի առաջանա», -հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան