«Հին Երևան»-ը շուկայի նման մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր են. Տուրօպերատորի մտահոգությունները
«Տուրիզմը քիչ գումարներ չի բերում մեր երկիր, բայց մենք կորցնում ենք Երևանի այն դեմքը, որը կարողանում ենք որպես պրոդուկտ վաճառել»,-Մեդիա կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Անդրադառնալով Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների շենքերի ապամոնտաժմանն ու դրա հետևանքներին՝ նա նշեց, որ դեռևս հոկտեմբեր ամսին իմանալով այս հատվածի շենքերի ապամոնտաժման մասին, իրենք դիմել էին քաղաքապետարան. «Մոտ 80 տուրօպերատորներով դիմեցինք քաղաքապետարան, իմանալու համար, որքանով են ճիշտ այդ հատվածի շենքերի ապամոնտաժման մասին խոսակցությունները: Ստացանք պատասխան, որ դրանք քանդվելու են և կառուցվելու են բազմաֆունկցիոնալ շենքեր»:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը մտահոգություն հայտնեց, որ տուրօպերատորները 1-1.5 ժամից ավելի չեն կարողանում պտտել զբոսաշրջիկին Երևանով և զբոսաշրջիկը հեռանում է՝ գումար չծախսելով:
Անդրադառնալով տվյալ տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ուենցող նկուղներին՝ նա նշեց, որ դրանք ևս տուրիզմի զարգացման համար մեծ ազդեցություն ունեն. «Մենք ուզում ենք, որ Երևանն ունենա գինեգործական քարտեզ և մեր քաղաքն իր ուրույն տեղն ունենա տուրիզմի աշխարհում, որպես գինու քաղաք»:
Նունե Մանուկյանը շեշտեց, որ քանդողներն ու կառուցողները պետք է նաև լսեն տուրօպերատորներին, գինեգործներին՝ իմանալու համար, այն ինչ-որ նրանք կառուցելու են, կկարողանան հետագայում դա վաճառել որպես պրոդուկտ, թե ոչ:
«Կառուցվում են հյուրանոցներ, որոնց պահանջն այդքան էլ չկա, կամ էլ կա, բայց ոչ այդքան թանկի պահանջ: Դա էլ է խնդիր, որ պետք է կառուցել էկոնոմ դասի հյուրանոցներ: Այն մարդիկ, ովքեր նոր շենքեր են կառուցում, իրենց համար տուրիզմը հյուրանոցն է, խանութներն ու ռեստորաններն են, դրա համար նրանք քաղաքը կառուցում են այնպես, ինչպես իրենք են ընկալում»:
Ասուլիսին ներկա հնագետ Բորիս Գասպարյանն էլ շեշտեց, որ հուշարձանները պահպանելը կարևոր է մի քանի առումով. «Միայն հուշարձանը պահելը բավարար չէ: Պետք է ուշադրություն դարձնել նաև դրա շրջապատին: Ընդհանրապես աշխարհում կարևորվում է ոչ միայն բուն օբյեկտը, այլև դրա շրջական միջավայրը»:
Հնագետը նշեց, որ այսօր Երևանում կան նաև օդից կախված այլ տարածքներ, օրինակ Դալմայի այգիները, որոնց ճակատագիրն այդպես էլ անհայտ է: Նրա խոսքով՝ Դալմայի այգիներում կան 16-18-րդ դարի գինու հնձաններ, որոնք կարող են հրաշալի աղբյուր ծառայել տուրիզմի համար:
«Այս հուշարձաններն այն սկզբնաղբյուներն են, որոնք քանդելուց հետո, երբեք հետ բերել հնարավոր չի, անտառը կարելի է նորից տնկել, բայց հնագիտական պատմական հուշարձանը հեռացնելուց հետո այլևս չես վերականգնի»,-նշեց Բորիս Գասպարյանը:
Ինչ վերաբերում է Պուշկին-Աբովյան-Արամի փողոցի շենքերին՝ հնագետի կարծիքով, սրա քանդումը ժամանակին մշակված նախագիծ է եղել և այսօր իրականացվում է այդ ծրագիրը, ցավոք, հաշվի չառնելով ոչինչ:
Այս ամենի հետ մեկտեղ, նա նաև ասաց, որ այսօր երկրում աստիճանաբար սկսվում է ձևավորվել մշակույթ, վերաբերմունք՝ դեպի հնագիտությունը:
Գինեգործ Գարուշ Սամվելյանն էլ տուրիզմի հետ կապված այն տեսակետը առաջ քաշեց, որ սա այն բիզնեսն է, որը հավասարաչափ է բաշխում ստացած գումարները թե վարորդին, թե հաց տվողին, թե էքսկուրսիա տանողին:
«Տրինիտի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն էլ վրդովմունք հայտնեց, որ «փոխանակ մեր հարստությունից օգտվենք, քանդում ենք դրանք»:
«Մարտ և մայիս ամիսներին Ամերիկայի մեծագույն գինու հաստատություններում միջոցառման ժամանակ Հայաստանը ներկայացվելու է որպես գինու օրրան: Այնտեղ խմելուվ մեր գինիները՝ մարդկանց մոտ ցանկություն է առաջանալու գալ այստեղ, իսկ գալու են և տեսնեն, որ մենք այստեղ բարբարոսի պես ոչնչացնում ենք այդ մառանները»,-ասաց Հովակիմ Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված մի խումբ գինեգործներով երեք օր առաջ նամակով դիմել են կառավարությանը և սպասում են պատասխանի:
Ամփոփելով հանդիպումը՝ Նունե Մանուկյանն ասաց, որ բոլոր հին կոթողներն էլ գումար են պահանջում պահպանելու համար, որոնք էլ հետո ավելի շատ գումար են բերում, քան մեռած փողոցները, որ հիմա կան:
««Հին Երևան» նախագխից ես շատ վախեցած եմ, տեսել եմ դա: Այն ինձ հիշեցրեց ոչ տուրիստական, այլ Բանգլադեշի շուկայի նման, մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր: Ո՞վ ասաց, որ դա հետաքրքիր է լինելու, դա դառնում է պասաժ: Դա հին Երևան չէ, հին Երևանը տուրօպերատորին պետք է, որ մտնի բակ, մտնի դալան: Ասում են, որ չեն քանդելու, բայց ասելով չի, անելով է: Արդեն 30-ից ավելի պատմամշակութային շենք են քանդել»,-հավելեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- «Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից
- Քաղաքապետարան. «Դոլմամա»-ի ապամոնտաժման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը
- Նարեկ Սարգսյան. «Հին Երևան»-ի շինարարությունը կսկսվի աշնանը
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան