Վաղինակ Շուշանյանն ուզում է Սպիտակի քաղաքապետ դառնալ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ապրիլի 17-ին Սպիտակում քաղաքապետի ընտրություններին հնարավոր է առաջադրվի նաև ակտիվիստ, Բաղրամյանի դեպքերի մասնակից Վաղինակ Շուշանյանը: «Համաքաղաքացիներիս կողմից բազում անգամ առաջարկ եմ ստացել դնել թեկնածություն՝ քաղաքապետ դառնալու համար: Երկար ժամանակ է, որ ծրագրեր ունեմ՝ կապված Սպիտակի կենսական և տնտեսական զարգացման հետ: Կարծում եմ՝ այդ հաստիքը կօգնի իրագործել ծրագրերս, սակայն կցանկանայի լսել նաև կարծիքներ հնարավոր ռիսկերի ու խնդիրների վերաբերյալ..․»,- գրել է Շուշանյանը, նշելով, որ որոշումը վերջնական չէ»:
«Հրապարակ»-ի հարցին՝ ինչից է դա կախված, Շուշանյանը պատասխանել է. «Նախ պիտի գնամ Սպիտակ, տեղում զգամ իրավիճակը և հավանական շանսերը»:
«Սպիտակում առաջադրվելու է գործող քաղաքապետը՝ Գագիկ Սահակյանը, իսկ տարածքը «նայող» ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը կարծես թե որոշել է աջակցել Լոռու ներկայիս փոխմարզպետ, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանին»,-տեղեկացնում է թերթը: