Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Gerçekgündem.com» լրատվան կայքին:
Ըստ աղբյուրի, ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» ("Die Linke") և «Կանաչների» ("Die Grüne") կուսակցությունները: Փետրվարի 24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին:
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել.«Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:
Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.
«Անհրաժեշտ է, որպեսզի ամեն մեկը ձեռքն իր խղճին դնի ու հարցնի՝ եթե այդ մարդիկ չմեռնեին, ինչպիսի՞ն կլիներ այսօրվա Թուրքիան: Այսինքն, եթե հայերը, ասորիները, հույները ապրեին, Թուրքիան բազմամշակույթ լիներ, շա՞տ վատ կլիներ: Ոչ, ընդհակառակը, այս առումով Թուրքիան շատ բան է կորցրել»:
«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»: