Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող նորամուծության արդյունքում կնվազեն խցանումները
Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում էլեկտրոնային հասցեի լրացումը կդարձվի պարտադիր նախապայման և ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների և հատուցումների գործընթացի բոլոր ծանուցումներն, որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն տվյալ էլեկտրոնային հասցեի միջոցով:
Վարորդների համար երկրորդ նորությունն էլ այն է, որ մինչև 50 հազար դրամի վնասով վթարների վարորդները կկարողանան հեռանալ դեպքի վայրից առանց ԱՊՊԱ-ի գալու:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց կառավարության այս որոշումը՝ հավելելով, որ կարևոր քայլ է, քանի որ այս որոշման արդյունքում առաջին հերթին կնվազեն խցանումները:
«Մինչեւ 50 հազար դրամի չափով ավտովթարների պատճառով գոյացած խցանումները կազմում են 20-25%: Փոքր վթարի ժամանակ քաղաքը պարալիզացվում է, կենտրոնական մասի ճանապարհներն ամբողջությամբ խցանվում են»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Սակայն, ըստ նրա, շատ վարորդներ գտնում են, որ 50 հազարը շատ քիչ գումար է: Է.Հովհաննիսյանն էլ կարծում է, որ եթե այս տարբերակը գործի և դրական արդյունք ունենա, վնասի չափը հնարավոր է ավելացնել:
Փորձագետները նաև մտավախություն ունեն, որ կլինեն կեղծիքներ, մասնավորապես արհեստական վթարներ կկազմակերպեն, սակայն «Աքիլես»-ի նախագահն ասաց, որ չի կարծում՝ մինչև 50 հազար դրամի չափով արհեստական վթար սարքելն այդքան էժան կնստի սարքողների վրա, քանի որ հեշտ պարզվում է՝ արդյոք պատահարը եղել է ընթացքի ժամանակ կամ ուրիշ տեղ: