Հայկական պատվիրակությունը թույլ չի տալու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը. Ա. Զաքարյան
Մարտի 21-23-ը տեղի ունենալիք Եվրանեսթ ԽՎ բյուրոյի հինգերորդ լիագումար նիստում քննարկելու և հաստատման են ներկայավելու չորս զեկույցներ` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար թեմաներով։ Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ նշելով, որ փետրվարի 18-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ բյուրոյի հերթական նիստին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը։
Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Զեկույցի վերտառությունն է «ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները»։
Բյուրոյի նիստում քննարկվել է նաև ադրբեջանական պատվիրակությանը հետ վերադարձնելու նպատակով Վեհաժողովի համանախագահների Բաքու մեկնելու առաջարկը, որը նախապես քննարկվել էր նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի համատեղ խորհրդակցությունում։
Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձևերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Արտակ Զաքարյանը հիշեցրել է բյուրոյի անդամներին, որ Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ և ապակառուցողական քայլերով շարունակ խաթարել է բազմակողմ խորհրդարանական գործունեության տրամաբանությունից բխող համատեղ նախաձեռնությունները:
Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դեմ չեն լինի, եթե Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները փորձեն հետ վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը, բայց դա չպետք է լինի Եվրանեսթ ԽՎ հեղինակության հաշվին և չպետք է ոգևորի ադրբեջանցի խորհրդարանականներին՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու համաեվրոպական արժեքների դեմ ուղղված քաղաքականությունն ու գործընկեր պատվիրակություններին ուղղված շանտաժի դրսևորումները։ Արտակ Զաքարյանը կարևորել է հանգամանքը, որ ադրբեջանցիները, ի վերջո, հասկանան, որ ո՛չ Եվրանեսթ ԽՎ-ը և ոչ էլ մյուս խորհրդարանական ձևաչափերը կոնֆլիկտների կարգավորման հարթակներ չեն։
Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ հայկական պատվիրակությունը ադրբեջանական կողմին Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում որևէ կերպ թույլ չի տալու աղավաղել ու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները