ԱԺԿ դիրքորոշումը՝ ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:
Նշվում է, որ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոն զարգացումը, ապահովագրելով քաղաքական և այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից:
Այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ երկրի սահմանադրական կարգի կատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը:
«Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է հետևյալ ծրագրային դրույթներում.
• հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերի սահմանադրական տարանջատման, նրանց միջև զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը,
• նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը և մշտական կատարելագործմանը` ի շահ քաղաքացու ազատությունների և հանրային համերաշխության,
• աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը:
Վերոնշյալ դրույթների իրագործումը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կարծիքով, պետք է տեղիունենա էվոլյուցիոն ճանապարհով, երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կունենանք՝.
ա/ Արցախի առանձնահատկությունները հաշվի առնող պետական կառավարման արդյունավետ և ճկուն համակարգ,
բ/ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդող, մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունը երաշխավորող սահմանադրաիրավական մոդել,
գ/ պատասխանատու քաղաքական ուժեր և քաղաքացիական հասարակություն, որոնք առաջնորդվում են ազգային ու պետական շահերով և սահմանադրական մտածողությամբ»,-ասված է քաղաքական ուժի տարածած հայտարարության մեջ: