Հայ երաժիշտները ելույթ են ունենալու Չինաստանում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործող Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետն այս տարվա մայիսին հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քառյակի կազմում ընդգրկված կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը:
«Չինաստանում 12 օրում ունենալու ենք 8 համերգ։ Հանդես ենք գալու մեր կվարտետի համար հատուկ փոխադրված ստեղծագործություններով՝ Խաչատրյան, Հարությունյան, Չայկովսկի, Ռախմանինով, Բիզե, Բեռնստայն, Բախ, Մոցարտ»,- նշեց նա:
Դ. Գյուլամիրյանի խոսքով, իրենք այս պահին աշխատում են իրենց առաջին ձայնասկավառակի վրա. «Պլանավորում ենք դատարկաձեռն չգնալ Չինաստան, և մեզ հետ տանել մեր ձայնասկավառակը»:
Երաժիշտը նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում անպայման համերգով հանդես են գալու Հայաստանում: Քառյակի անդրանիկ համերգը կայացել էր 2015-ի հոկտեմբերին:
«Մենք պլանավորում ենք նաև առանձին համերգ ունենալու՝ ներկայացնելով միայն հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Որոշել ենք հետագայում՝ դրսի շուկայում մի փոքր ճանաչում ձեռք բերելուց հետո, պատվիրենք արտասահմանցի կոմպոզիտորներին ստեղծագործություններ գրել մեր քառյակի համար»,- ասաց կլարնետահարը:
Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի կազմում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջնակարգ երաժիշտներ Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլաﬕրյանը (կլարնետ) Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր):
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործում է 4 անսամբլ՝ Փայտափողային կվինտետ, Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետ, Աբգար Մուրադյանի անվան դուետ, Ղազարոս Սարյանի լարային քառյակ:
Դավիթ Գյուլաﬕրյանի խոսքով, աշխարհում ընդունված է, որ պրոֆեսիոնալ նվագախմբերի կազմում գործում են անսամբլներ: Այդ պրակտիկան, ըստ նրա, գալիս է դեռևս վաղ ժամանակներից:
Պատասխանելով հարցին, թե մեծ նվագախմբերի կազմում գործող փոքր անսամբլները ի՞նչ խնդիրներ են լուծում, ի՞նչ գուրծունեություն են ծավալում, երաժիշտն ասաց. «Միանշանակ սպառիչ պատասխան դժվար է տալ, բայց երաժիշտ, դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանն ողջունում էր նվագախմբերի կազմում անսամբլների գոյությունը, քանի որ, ըստ նրա, կամերային մտածողությունը, այս կազմում նվագելը զարգացնում է ավելի ճիշտ, դիպուկ ու զգայուն լսողություն: Երևի սա է հիմնական նպատակը: Անսամբլով հանդես գալն ունի յուրահատուկ բարդություն: Երաժիշտն այս դեպքում պետք է ենթարկվի անսամբլային իրավահավասարության օրենքներին: Անսամբլները հանդես են գալիս առանձին երկացանկով, ծրագրով»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը նվագախմբի ստեղծման օրվանից ակտիվ գործունեություն են ծավալում՝ մասնակցելով բազմաժանր համերգային ծրագրերի, փառատոների: Նվագախմբի համերգային ծրագրերում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ոչ միայն սիմֆոնիկ, այլ նաև կամերային ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին