«Անդավաճան մնանք Ալեքսանդր Թամանյանին»
«Այն, ինչ թողել է Ալեքսանդր Թամանյանը հաջորդ սերունդերին, պետք է աչքի լույսի պես պահպանել: Անդավաճան մնանք Թամանյանին, իրեն ցավ չպատճառենք»,- ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մահվան 80-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ճարտարապետի հուշարձանի մոտ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Ճարտարապետների միությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը կազմակերել էին այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն ճարտարապետի հիշատակին:Ներկա էին ճարտարապետների մի քանի սերունդ:
Մ.Մինասյանը նշեց, որ թեև տաղանդավոր ճարտարապետն ապրել է ընդամենը 58 տարի, բայց հասցրել է հսկայական աշխատանք անել. «Թամանյանը կարողացավ ճիշտ տեսնել, թե ժառանգականության իմաստով ինչը մեզ կբերի ճանաչում, ինքնաճանաչում, ինչպես անել, որ աշխարհում մենք մեր տեղն ունենանք»:
Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, շարունակելով Մ. Մինասյանի խոսքը, ընդգծեց, որ Թամանյանը չի կառուցել միայն տեսանելիության համար, այլ դրանց մեջ դրել է նաև որակ:
«Բացի ճարտարապետությունից, շինարարությունից, նա նաև շինարարական կուլտուրա ստեղծելու մի նոր արվեստ մտցրեց Հայաստան»,- ասաց նա:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքով, մեծ պարտավորվածությամբ պետք է պահպանել, հավատարիմ մնալ Թամանյանի թողած պատգամներին, ուղղություններին:
«Նա իր ստեղծագործական գործունեությամբ հարատևություն պարգևեց մեր երկրին»,- նշեց Տ.Բարսեղյանը:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ այսօր բիզնես ծրագրերից ելնելով, օրվա հրատապ խնդիրներ լուծելու հաշվին չի արժևորվում այն ժառանգությունը, որ ստացել են երևանցիները:
«Մենք այնքան էլ լավ ժամանակաշրջանում չեք ապրում: Նախ չենք գիտակցում, թե ինչ է ժառանգությունը, երկրորդ՝ տարված ենք օրվա խնդիրները լուծելով»,- ասաց նա:
Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Հայկ Թամանյանը, ի պատասխան Panorama.am-ի հարցի, թե ինչքանո՞վ է այսօր պահպանվում թամանյանական ժառանգությունը, շատ կարճ պատասխանեց. «Սարսափելի վերապահումներով»:
Նա նաև նշեց, որ Թամանյանի ավանդը, ժառանգությունը մինչ օրս թերի է ուսումնասիրված ու գնահատված:
«Մեղմ ասած, մեր ոչ բոլոր համաքաղաքացիներն են գիտակցում Թամանյանի ներդրումը ոչ միայն զուտ ճարտարապետական, շինարարական տեսանկյունից, որը տեսանելի կողմն է, այլ նաև իրականում Թամանյանը շատ կարևոր մեկ այլ ներդրում էլ ունի. նա ստեղծեց քաղաքային մշակույթի զարգացման համար պայմաններ:
Ես չեմ պնդում, որ Թամանյանից առաջ քաղաքային մշակույթը մեզանում իսպառ բացակայել է, բայց երբ մենք ու մեր քաղաքացիները տեր ենք այսպիսի կառույցների, հնարավորություն ունենք դրանցով հպարտանալ, Թամանյանի ժառանգության շնորհիվ է: Շատ ավելի նվազ կլիներ մեր ազգային ինքնագիտակցությունը, եթե չլիներ Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը: Որևէ քաղաքացի, պարտադիր չէ մտավոր գործունեությամբ զբաղվող, երբ նա տեսնում է այդպիս կառավարական շենք, ինչպիսին ունենք, զգում է իրեն այլ կերպ, քան եթե ունենայինք ավելի գորշ, դժգույն, 20-րդ դարի առաջին կեսին բնորոշ միտումներով՝ ապակի, երկաթբետոն, արված շենք: Եթե կառույցները լինեին պակաս ազգային, կունենայինք պակաս ազգային ինքնագիտակացություն ունեցող ազգ»,- ասաց նա:
Աեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրել ու ստեղծագործել է է Ռուսաստանում, նախագծել ու տարբեր քաղաքներում կառուցել բազմաթիվ շինություններ։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան: Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:
ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է:
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները: 1934 թ-ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Գավառի, Հրազդանի և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցներից է ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի շենքը (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի):
Ա.Թամանյանը մահացել է 1936 թվականին փետրվարի 20-ին Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ մոտ պահպանման գաղափար գոյություն չունի. Ճարտարապետների մտահոգությունը
- Թվում էր, թե ճարտարապետության ասպարեզում որևէ նվաճում չպետք է ակնկալեինք. Սաշուր Քալաշյան
- Քարմեջ արված Հին Երևան