«Փելեշյանը հավերժության պատանդն է»
Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:
Այսօր Փելեշյանի ծննդյան օրն է. ծնվել է 1938 թվականին Գյումրիում:
Արտավազդ Փելեշյանը 1968 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով:
«Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»,- ասել է կինոռեժիսոր Ռեջիո Գոդֆրին:
1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»,- ասել է Արտավազդ Փելեշյանը:
Փելեշյանի ամենահայտնի ֆիլմն է «Տարվա եղանակները» (1975 թ.), «Մեր դարը» (1982 թ.) ֆիլմի համար ստացել է ՀՀ Պետական մրցանակ (1985 թ.):
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:
Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները. ստիպում է վերանայել հանրահայտ ճշմարտություններ և պայմանականություններ: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում:
Փելեշյանը «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
«Նրա (Փելեշյանի) ցայտուն գեղագիտական կառուցվածք ունեցող ֆիլմերն ստեղծում են ուժային հզոր դաշտ, և կարծես կինոժապավենի կծիկը բացվում է ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ՝ խորությամբ և բարձրությամբ... Փելեշյանը հավերժության պատանդն է»,- ասել է կինոքննադատ Լյուդմիլա Դոնեցը:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար Արտավազդ Փելեշյանը մրցանակի է արժանացել
- Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին