Հայաստանում տեսել ենք ժամանակաշրջան, երբ ունեցել ենք քաղբանտարկյալներ. Շարմազանով
«Առաջարկում եմ խորհրդարանի անունից բացատրություն պահանջել ոստիկանությունից, դատախազությունից Վարդգես Գասպարիի ապօրինի ազատազրկման համար և ներկայացրել ձեռք բերված տեղեկությունները»,- Ազգային ժողովում դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ Վարդգես Գասպարիին կալանավորել են միայն նրա համար, որ իշխանությունների կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ է կազմակերպում:
Հիշեցնենք, որ դատարանը որոշել էր կալանավորել Գասպարիին` դատաքննությանը չներկայանալու պատճառաբանությամբ:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ քաղաքական բանտարկյալները ցանկացած ժողովրդավարական երկրում անթույլատրելի են:
«Հայաստանում տեսել ենք ժամանակաշրջան, երբ ունեցել ենք քաղբանտարկյալներ: Այդ ժամանակները վաղուց անցյալում են, մնացել են նախորդ դարում»,- նշեց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք իրավունք չունեն միջամտել այն գործառույթներին, որտեղ կա օրենք:
Նաև ասաց, եթե նկատեն, որ օրենքում խախտում կամ կամայականության դրսևորում կա, խորհրդարանը, առաջին հերթին մեծամասնությունը, իր կարծիքը կարտահայտի:
«Իմ հորդորն է ձեզ՝ ցանկացած իրավական խնդրում չտեսնել քաղաքական ենթատեսք: Իմ համոզմամբ, այս հարցում քաղաքական ենթատեքստ չկա: Կոչ եմ անում դատավորի կամ դատախազի ֆունկցիա չվերցնել ձեր վրա»,- դիմելով Լ. Զուրաբյանին՝ ասաց Է. Շարմազանովը:
Զուրաբյանն իր հերթին ասաց, որ զարմացած է ԱԺ փոխնախագահի հակազդեցությունից. «Ձեր պահվածքով ավելի անհանդուրժելի վերաբերմունք դրսևորեցիք, քան ունենում էր Գալուստ Սահակյանը, ով աչքի էր ընկնում հանդուրժող, համբերատար մոտեցումով: Իսկ դուք սովորական հարցը վերածում եք պրոպագանդի: Ես, առանց որևէ մեկին մեղադրելու, ոչ էլ ասում եմ միջամտեք, ընդամենն ասում եմ, որ ոստիկանությունից, դատախազությունից տեղեկություններ ուզեք, հայտնեք խորհրդարանին: Այստեղ միջամտության ի՞նչ հարց կա: Ոչ մի հարց չկա, ընդամենը ցույց կտայիք, որ Ազգային ժողովը կանգնած է դեմոկրատական արժեքների պաշտպանության թիկունքում»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը առողջական խնդիրներ ունենալու պատճառով մի քանի օրից նոր կվերադառնա աշխատանքի:
Հարակից հրապարակումներ`
- Գասպարիի դեմ կատարվածը քաղաքական հետապնդում է. Փաստաբան
- Ակտիվիստ Վարդգես Գասպարին կալանավորվել է. Փաստաբանը կբողոքարկի