Լևոն Զուրաբյան. Սիրես, չսիրես՝ որևէ նշանակություն չունի
«ՀԱԿ-ն անհանդուրժելի, անընդունելի է համարում հարձակումները լրագրողների նկատմամբ, ինչ հարաբերություններ էլ պատգամավորներն ունենան լրագրողների հետ՝ սիրես, չսիրես, որևէ նշանակություն չունի: Լրագրողը կատարում է իր պարտականությունները և եթե, առավել ևս դու պատգամավոր ես, դու պարտավոր ես օգնել լրագրողին իր պարտականությունների կատարման գործում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի վերաբերմունքը լրագրողների հանդեպ, մասնավորապես հայհոյելու փաստը:
Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ գողական են գնում ԱԺ-ում, Զուրաբյանն արձագանքել է. «Դե հիմա ինչ անենք, որ գողերի պառլամենտ է: Դե եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պետք է գողական լինի: Չեմ կարծում, որ այդտեղ անակնկալ կա որևէ մեկի համար»:
Լ.Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը միշտ էլ համերաշխ է լինելու լրագրողների հետ, որովհետև խոսքի ազատությունը եղել է, կա և լինելու է իրենց դավանած ամենամեծ արժեքներից մեկը, պատրաստ են աջակցել խոսքի ազատության զարգացմանը, այդ իրավունքն ամրապնդելուն:
Պատասխաելով հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի իր կուսակցի նման վարքագծի համար, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ պատասխանատու է:
«Իրենք պետք է ներքին հետաքննություն անցկացնեն, իրենք պետք է պատժամիջոցներ ձեռնարկեն իրենց կոլեգայի նկատմամբ՝ ընդհուպ մինչև կուսակցությունից դուրս հանելը»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաք և բողոքի ակցիա` ԱԺ պատգամավորի դեմ
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Սեդրակյանից ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից
- Փաշինյանը հորդորեց գործընկերներին լրագրողների հետ շփվելիս պահպանել էթիկայի կանոնները
- Գեներալ Սարոյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին