Արամ Մանուկյան. Ընտրական նոր օրենսգրքի նախագծի ծայրն էլ չենք տեսել
Ստանձնած պարտավորությունների համաձայն, մինչև համապատասխան ժամկետը՝ հունիս, Հայաստանի Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցի, թե ե՞րբ է ներկայացվելու Ընտրական նոր օրենսգիրքը:
«Երկու ամիս է ողջ հասարակությունը, քաղաքական ուժերը խոսում են Ընտրական օրենսգրքի մասին: Միջազգային ուժերը հորդորում են իշխանությանը լայն քննարկումների, կոնսոլիդացիայի արդյունքում ստեղծել այդ օրենքը: Գոնե հունվարից այս կողմ ասում եք օրենքի նախագիծը կա, երկրորդ քառօրյան է այս նախագծի ծայրն էլ չենք տեսել: Եթե նախագծի փուլում որևէ ընդդիմադիր կուսակցություն, խմբակցություն չի տեսել այդ փաստաթուղթը, ի՞նչն է պատճառը: Ե՞րբ է այն ներկայացվելու խորհրդարանին, ի՞նչ վիճակում է այն գտնվում: Գոնե դուք տեսե՞լ եք»,- նման հարցադրումներով հանդես եկավ Արամ Մանուկյանը:
Է. Շարմազանովն իր խոսքում նշեց, որ երբ նախագիծը պատրաստ լինի, կներկայացվի Ազգային ժողով, դրա վերաբերյալ բոլոր քաղաքական խմբակցությունները, գործիչները կարող են ներկաացնել իրենց կարծիքը:
«Բարեկամական հորդորս ձեզ. մամուլին հղում չանել, դեռևս չկա նախագիծը, երբ որ վերջնական լինի, կներկայացնենք, այն ժամանակ դուք կարող եք ձեր առաջարկություններն անել: Իսկ ես տեսել եմ, թե ոչ, կարևոր չէ: Շատ բան կարող եմ տեսնել, շատ բան կարող է չտեսնեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան