Ստորագրահավաք և բողոքի ակցիա` ԱԺ պատգամավորի դեմ
Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող մի խումբ լրագրողներ այսօր ԱԺ-ում ստորագրահավաք են նախաձեռնել` ԱԺ խմբակցություններից ու անկախ պատգամավորներից պահանջելով դատապարտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագիծը լրագրողների նկատմամբ: Բացի այսօրվա ստորագրահավաքից, նրանք նաև վաղը նախաձեռնել են բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց:
Ակցիային պատրաստակամություն են հայտնել մասնակցել նաև հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ:
Լրագրողների հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Փետրվարի 23-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի դարպասների մոտ հրավիրում ենք լրագրողների, խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովում Մհեր Սեդրակյանը, տեսնելով լրագողների հոսքը, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել նրանց»:
Լրագրողները նաև պատրաստվում են իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Սեդրակյանից ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից
- Փաշինյանը հորդորեց գործընկերներին լրագրողների հետ շփվելիս պահպանել էթիկայի կանոնները