Նաիրիա Զոհրաբյանը՝ Վահան Բաբայանի հրաժարականի մասին
«Ես այլևս չեմ ցանկանում ներկայացել կուսակցության պաշտոնական դիրքորոշումը: Այսպես կարող եմ ավելի ազատ արտահայտել իմ կարծիքը, կլինի որպես Վահան Բաբայան պատգամավորի կարծիք, ոչ թե կուսակցության»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ արդեն նախկին մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վ.Բաբայանն իր ֆեյսբուքայն էջում գրել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները. «Դա իմ անձնական որոշումն է»:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սա իրենց ներկուսակցական խնդիրն է, իրենք հարգում են իրենց գործընկերոջ որոշումը, առաջիկայում կքննարկեն նոր խոսնակի հարցը:
«Ներկուսակցական խնդիրներ են, պարտադիր չէ ներկուսակցական բոլոր խնդիրները քննարկել լրագրողների մոտ»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ անձնական խնդիր չկա:
Ն.Զոհրաբյանը Վահան Բաբայանի աշխատանքը գնահատեց նորմալ, ապա հավելեց. «Կան ներկուսակացական խնդիրներ, Վահանը չի ցանկանում այլևս շարունակել խոսնակի պարտականությունները: Բաբայանը մեր գործընկերն է, որևէ տարաձայնություն, բացի մի քանի այլ խնդիրներից կապված զուտ խոսնակի պարտականությունների հետ, մենք չունենք»:
Պատասխանելով հարցին, թե խոսակցությունների համաձայն Վ.Բաբայանի հրաժարականը պայմանավորված է կոալիցիա չմտնելու հետ, ԲՀԿ խմբակցության ղեկավարը կրկնեց, որ ներկուսակցական խնդիրներ են, կոռեկտ չէ մամուլի հետ քննարկել: