Պետք է հատուկ ուշադրություն դարձնել երեխայի իրավունքներին. Պյոտր Սվիտալսկի
Երեխայի իրավունքների պաշտպանությունն ունի համախմբող նշանակություն՝ խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով: ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների գործիքակազմի շնորհանդեսը Հայաստանում և «Երեխայի իրավունքների ինտեգրումը զարգացման համագործակցության մեջ» փորձագիտական երկօրյա աշխատաժողովի մեկնարկին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը կարևորեց Անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծումը, որը կարող է միավորել շահագրգիռ և պատասխանատու մարմինների ջանքերը ոլորտում առաջընթաց ապահովելու համար:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել երեխայի իրավունքներին, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների անբաժանելի մասը: Նրա խոսքով, նախարարների ներկայությունն այս միջոցառմանը վկայում է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաև՝ պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են Հայաստանում երեխայի իրավունքների իրավիճակին, երկրի առաջնահերթություններին, ինչպես նաև՝ ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի իրավունքների գործիքակազմի կառուցվածքին առնչվող հիմնահարցեր:
«Կամա թե ակամա յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: Այս Գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելիների կյանքում»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Տանյա Ռադոչայը:
Գործիքակազմի շնորհանդեսը անցյալ տարի ընդունված Կայուն զարգացման 2030թ.-ի օրակարգի շարունակությունն է, որը մեկ անգամ ևս նշում է երեխաների և երիտասարդների առանցքային դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: 2014թ. ի վեր ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել են գործիքակազը մոտ 40 երկրներում:
Փորձագիտական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մշակել իրավունքների վրա հիմնված, երեխաների և երիտասարդների խնդիրները հաշվի առնող մոտեցումներ: Բացի Գործիքակազմից, այն նաև հիմնված է երեխայի իրավունքների դասընթացի վրա՝ մշակված Գերմանական զարգացման համագործակցության (GIZ) կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան