Օմբուդսմենի թեկնածուն Գասպարիի գործով հրաժարվեց հայտարարություն անել
Այսօր Ազգային ժողովում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը ելույթից հետո պատասխանում էր պատգամավորների հարցերին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը թեկնածուից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է այն երևույթի մասին, երբ քաղաքացուն դատարանը կալանավորում է` նրան հնարավորություն չտալով արտահայտվել իր կալանքի վերաբերյալ:
«Դատարանը կալանավորում է, առանց նրա կարծիքը հայտնելու, առանց պաշտպանական կողմին ներգրավելու: Արդյոք սա չի՞ խախտում մեր սահմանադրության երաշխիքները և թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները»,-Թաթոյանին հարցրեց Մարուքյանը:
Մարուքյանը, նկատենք, ակնարկում էր Վարդգես Գասպարիի կալանավորման փաստը, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին որոշել էր կալանավորել ակտիվիստին:
Ի պատասխան Թաթոյանը նկատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշները ազատությունից զրկելու հարցերում շատ խիստ պահանջներ են առաջադրում: Իսկ ինչ վերաբերում է Գասպարիի գործին, Թաթոյանը նշեց. «Այդ գործի մասին խոսելու համար պետք է ուսումնասիրել կատարվածի հանգամանքները»: