Պիպոյան. Հայ սպառողները չունեն հստակ ու ճշգրիտ տեղեկություն
«Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի քանի սննդամթերք հայտնվել է «սև ցուցակում»: Հայաստանում որևէ լաբորատարիա իր կատարած հետազոտության արդյունքների մասին հայտարարություն չի արել, պաշտոնական կայքերում «սև ցուցակ»-ում հայտնված մթերքների անուններ չի հրապարակել:
Ի՞նչ իրավիճակ է սննդամթերքի հայաստանյան շուկայում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ հայ սպառողները չունեն հստակ ու ճշգրիտ տեղեկություն:
«Ըստ էության, Սննդամթերքի պետական ծառայության աշխատաոճը սպառողների մոտ խուճապ է առաջացնում»,-ասաց նա:
Ի՞նչ պետք է աներ ծառայությունը, որ չի անում: Պիպոյանի խոսքով, ՍԱՊԾ-ն պետք է իրականացներ մոնիտորինգային ծրագրեր՝ հասկանալու, այս ոլորտում ի՞նչ իրավիճակ է տիրում:
Պիպոյանը նշում է, ծառայությունում կան աշխատակիցներ, որոնք լավ տիրապետում են ոլորտին, սակայն նրանց խոսքն ու կարծիքն առաջնային պլանում չէ:
Ինչ վերաբերում է ՍԱՊԾ այն հիմնավորումներին, թե ստուգումների իրականացումը կառավարությունը չի խրախուսում, Պիպոյանը համարում է, որ ընդհանրապես, այդքան ժամանակ, էներգիա, ռեսուրս ծախսելու դեպքում հնարավոր է կարգավորել պրոբլեմը: ՀԿ նախագահը հորդորում է ծառայությանը ստուգումների փոխարեն մոնիտորինգային ծրագրեր իրականացնել:
«Կառավարությունը ծառայությանը չի արգելել վտանգ հայտնաբերել, շուկայից վտանգավոր ապրանքները դուրս բերել»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Պիպոյանն ընդունում է, որ ստուգումները տնտեսվարողների համար դժվարություններ են առաջացնում, իսկ տարիների փորձն էլ ցույց է տվել, որ այդ ստուգումներն անարդյունավետ են, քանի որ վատ են ստուգել:
Միգուցե վտանգ չկա՞, որ չեն կարողանում հայտնաբերել: Պիպոյանը բացատրում է, որ վտանգի առկայությունը կամ բացակայությունը հասկանալու համար պետք է իրականացվեն մոնիտորինգային ծրագրեր:
«Եթե մոնիտորինգն արվում է, ապա այդ աշխատանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի հասարակությանը, մենք էլ փորձենք հասկանալ, այդ ոնց է լինում, որ ամբողջ աշխարհում վտանգ են հայտանաբերում, իսկ Հայաստանում՝ ոչ»,-հիշեցնում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան