Էրեբունի համայնքի բնակիչներն ահազանգում են, որ հաշվիչները ցույց չեն տալիս սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքները
Վերջերս բնակիչներն ահազանգում են և բողոքում, որ կոմունալ վարձավճարը, հատկապես, էլեկտրաէներգիայի հունվար ամսվա, անտրամաբանական թվերի է հասնում: Բողոքներից շատերն առնչվում են նաև այն հանգամանքի հետ, որ հաշվիչները, չգիտես ինչու, ցույց չեն տալիս սպառած էլեկտրաէներգիայի չափը: Այդպիսի խնդրի հետ են առնչվում նաև Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան 1-ին նրբանցքի բնակիչներից ոմանք: Նրանք արդեն 2 ամիս է չեն կարողանում տեսնել իրենց սպառած էլեկտրաէներգիայի չափը: Հաշվիչները ցույց չեն տալիս սպառած կիլովատերը և ներկայացված էլէներգիայի ցուցմունքները նրանց մոտ կասկածի տեղիք են տալիս: Նրանք գտնում են, որ էներգիայի ծախսը ավելի շատ է, քան իրականում սպառում են:
Panorama.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ դիմել են էլեկտրական ցանցերի տեղամասային բաժանմունք, բացատրություն պահանջել: Խոստացել են խնդրին լուծում տալ, սակայն մինչ օրս այն չի լուծվել. հաշվիչները շարունակում են նույն կերպ աշխատել:
«Հաշվիչների վրա միայն ամիս-ամսաթիվն է երևում: Մենք չենք տեսնում գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի ծախսը: Դիմել ենք ՀԷՑ-ի մասնաճյուղ, բայց այդպես էլ գոհացուցիչ պատասխան չենք ստացել և մեր խնդիրն էլ չի լուծվել: Դեկտեմբերից ահազանգում ենք»,- ասաց բնակիչներից մեկը:
Նրա խոսքերով՝ իրենց ասել են, որ այդ հաշվիչները միացված են ընդհանուր համակարգչին և առանց տեսուչի տեսնում են, թե որքան էլէեկտրաէներգիա է սպառվել:
«Ի վերջո ինչո՞ւ պետք է վճարեմ նրանց ցույց տված թվի համար: Ես պետք է իմ աչքերով տեսնեմ, թե ինչքան էլեկտրաէներգիա եմ սպառել»,- ասաց նա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համապատասխան մասնագետներին կուղարկեն նշված հասցեով և մանրամասների մասին առաջիկայում կտեղեկացնեն:
Հարակից հրապարակումներ`
- ՀԷՑ-ը սպառնում է պատժել հավելագրումներ թույլ տված աշխատակիցներին
- Երևանի բնակիչը պարզել է, թե ինչու է էլեկտրաէներգիայի վճարն ավելացել մի քանի հազար դրամով