Ուղևորատար ինքնաթիռներով լիթիում-իոնային մարտկոցների փոխադրումը կարգելվի
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ) արգելում է ուղևորատար օդանավերով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով ԻԿԱՕ-ի պաշտոնական էջը: Նման արգելքը կիրառվել է, քանի որ դրանք հրդեհավտանգ են: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նման մարտկոցներ օգտագործվում են նոթբուքերում, ֆոտոկամերաներում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի ապրիլի 1-ից ու կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռ»-ի համար հրդեհակայուն փաթեթավորում չի մշակվել:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ին հայտնեց, որ արգելքը կգործի նաև Հայասատանում, քանի որ Հայաստանը ԻԿԱՕ-ի անդամ է:
«Եթե Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը որոշում է ընդունում, ապա դա պարտադիր կատարման ենթակա է անդամ բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում»,-ասաց Գրձելյանը:
ՔԱԳՎ-ից նաև նշեցին, որ Հայաստանը ԻԿԱՕ-ից պարբերաբար ստանում է բոլոր այն նորմատիվ ակտերը և տեղեկատվությունը, որոնք կապված են ավիացիոն անվտանգության ապահովության, ուղևորների սպասարկման, ուղեբեռի, բեռի հետ, ինչպես նաև այլ տեղեկատվություն միջազգային ավիացիայի գործունեության վերաբերյալ:
ԻԿԱՕ-ի անդամ է 191 երկիր: Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան կնքվել է 1944 թ-ի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում` 52 երկրների միջև: Ուժի մեջ է մտել 1947 թ-ին, կոնվենցիայի ստորագրմամբ հիմնադրվել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունը` ԻԿԱՕ-ն:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԻԿԱՕ-ին 1992 թվականից: ԻԿԱՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոնրեալում (Կանադա):