Կզբաղվենք նաև Վարդգես Գասպարիի գործով. Նոր Օմբուդսմեն
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան ընտրված Արման Թաթոյանը հայտարարեց, որ ընտրության հետ կապված գործընթացների պատճառով չի հասցրել ծանոթանալ ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորելու վերաբերյալ գործի հանգամանքներին:
«Այդ հարցը, ես արդեն հայտարարել եմ, այն աստիճան կարևոր է, որ պետք է մարդու իրավունքների պաշտպանը, իհարկե, զբաղվի դրանով: Մենք իհարկե, կզբաղվենք այդ գործով», -հայտարարեց Թաթոյանը:
Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Օմբուդսմենը, պաշտոնն ստանձնելուց հետո կզբաղվեն մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց գործերով: Այդ թվում` Գևորգ Սաֆարյանի գործով:
«Բոլոր գործերն էլ առաջնահերթ են: Հենց նոր են քվեարկության արդյունքները հայտարարվել: Դեռ ինքս էլ ունեմ շատ հարցեր պարզելու: Լրագրողները ՄԻՊ-ի հենց առաջին գործընկերն են: Այս պահին կանխակալ դատողություններ չեմ կարող անել, պետք է ուսումնասիրեմ», -հայտարարեց Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օմբուդսմենի թեկնածուն Գասպարիի գործով հրաժարվեց հայտարարություն անել
- Գասպարիի դեմ կատարվածը քաղաքական հետապնդում է. Փաստաբան