Իրանագետ. Իրանի Մեջլիսում իրանահայ համայնքը երկու տեղ ունի
Իրանի Մեջլիսում իրանահայ համայնքը երկու տեղ ունի: Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ինը հայ թեկնածու, ընթացքում կրճատվել է նրանց թիվը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նաև նշեց, որ թեկնածուներից մեկն ընտրվում է հյուսիսի և Թեհրանի տեղի համար, մյուսը՝ հարավի և Սպահանի:
Հարավի և Սպահանի տեղի համար երեք թեկնածու էին առաջադրվել, սակայն Վրեժ Տեր-Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտարարել:
Ըստ Գ.Իսկանդարյանի, հաղթելու բավականին լուրջ հնարավորություն ունի Ժորժիկ Աբրահամյանը, ով արդեն եղել է պատգամավոր, համայնքը հիշում է նրա առաջ քաշած օրինագծերը, որոնք կյանքի էին կոչվել:
Հյուսիսի և Թեհրանի տեղի համար չորս թեկնածու է պայքարում: Իրանագետի խոսքով, մեծ շանսեր ունի Կարեն Խանլարյանը, ով այսօր էլ պատգամավոր է, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում: Նրա թեկնածությունը պաշտպանում է ՀՅԴ-ն:
«Հայ թեկնածուները հիմնականում վեր են հանում հայ համայնքի խնդիրները, ներկայացնում դրանք Մեջլիսում, փորձում ներքին խողովակներով հասնել դրանց լուծմանը»,-ասաց Գ.Իսկանդարյանը:
Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կայանալու են փետրվարի 26-ին:
Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար: Իրանագետն ասաց, որ նախապես 12000-ից ավելի քաղաքացի մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն Իրանի ներքին գործերի նախարարությունը զտել է և թույլ տվել ընտրություններին մասնակցել 6230 թեկնածու: Հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև:
«Պատժամիջոցների չեղարկումից հետո բավականին մեծացել է բարեփոխիչների դիրքերը, ժողովուրդը գոհ է նրանց գործունեությունից, սակայն պահպանողականները չեն ուզում զիջել իրենց դիրքերը: Սրանով է պայմանավորված, որ ներքին գործերի նախարարությունը կրճատել է բարեփոխիչների թիվը, հնարավորություն տալով պահպանողականներին ավելի շատ թեկնածուներ առաջադրել: Սա արվում է, որ հավասարակշռությունը պահպանվի. ղեկավարոությունը չափավոր պահպանողականների ձեռքում է գտնվում, նրանց յուրանքանչյուր առաջ քաշած օրինագիծ պետք է հաստատվի Մեջլիսոմ, որտեղ հիմնականոմ կլինեն պահպանողականներ»,-ասաց իրանագետը:
Նա նշեց, որ Իրանի նախագահը, հոգևոր առաջնորդն արդեն կոչով դիմել են ժողովրդին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ժողովուրդը համակարծիք է հոգևոր իշխանության, կառավարության հետ: