Ղազախստանի կառավարությունը նվազեցրել է 2016-ի ՀՆԱ աճի կանխատեսումը
Ղազախստանի կառավարությունը հաստատել է 2016թ-ի սոցիալ-տնտեսական զարգացման նոր կանխատեսումը, որի համաձայն` ընթացիկ տարում տնտեսական աճը կկազմի 0,5%, այլ ոչ թե` 2,1%` ինչպես սպասվում էր նախկինում:
«Գազետա.ռու» գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Էրբոլատ Դոսաևը:
«Կառավարության նիստի ընթացքում մենք հաստատել ենք 2016թ-ի սոցիալ-տնտեսական զարգացման նոր կանխատեսումները: Ենթադրվում են հետևյալ ցուցանիշների փոփոխություններ. հաշվարկային փոխարժեքը ավելի վաղ` նոյեմբերին հաստատված 300 թենգեի փոխարեն հաստատում ենք 360 թենգե, փոխում ենք նավթի տարեկան միջին գինը, մենք այն իջեցնում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ներդրումային բանկերի կանխատեսումների համաձայն` 40 դոլարից 30 դոլար մեկ բարելի դիմաց»,-հայտարարել է Դոսաևը:
Բացի դրանից կառավարությունը նաև վերանայել է 2016թ-ի տնտեսական աճի կանխատեսումները:
«Դրան համապատասխան` մենք փոխում ենք տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները: 40 դոլար նավթի գնի պայմաններում կանխատեսվում էր 2,1% տնտեսական աճ, իսկ 30 դոլար գնի դեպքում ենթադրում ենք, որ տնտեսական աճը կկազմի 0,5%: Բայց մենք միևնույնն է` գտնվում ենք դրական աճի գոտում»,-հավելել է Դոսաևը: