Բաշար Ասադը համաձայնել է հրադադար հաստատել
Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ պաշտոնական Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչական նշանակության գործողություններից, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների դեմ:
Deutsche Welle-ի փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր Ռուսաստանի հետ համաձայնեցնել, թե որ խմբավորումներին և շրջաններին է վերաբերելու հրադադարի հաստատումը:
Սիրիական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահելու պատասխան հարվածներ հասցնել բոլոր այն դեպքերում, երբ սիրիական բանակի դիրքերի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի:
Սիրիական իշխանությունները նաև ընդգծել են սահմանների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանման և զինված խմբավորումների համալրման աղբյուրների փակման անհրաժեշտությունը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմերի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:
Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա: