Իրանի համար Հայաստանն այլընտրանքային ճանապարհ է. Գ.Իսկանդարյան
«Միջուկային ծրագրի չեղարկումից հետո այցելություների պակաս Իրանում չի նկատվում, դա արվում է նախագահների մակարդակով: Բոլոր նրանք, ովքեր ունեն հնարավորություն համագործակցելու, բիզնես ծրագրեր կազմելու Իրանի հետ, գնում և թակում են Իրանի դուռը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Ըստ նրա, հենց նույն նպատակով է Ադրբեջանի նախագահն այցելում Իրան. «Ալիևն էլ է շտապում բանակցելու, առևտրաշրջանառության, տնտեսության ոլորտներում պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:
Պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում շատ է խոսվում այն հարցի մասին, որ Հայաստանն Իրանի համար կարող է լինել տարանցիկ երկիր էներգակիրների փոխանցման համար, հնարավո՞ր է Ադրբեջանն այլընտրանք առաջարկի, իրանագետն ասաց, որ ամեն երկիր իր շահերն է պաշտպանում, նաև Ադրբեջանը, որը կփորձի այնպես անել, որ իր երկրի տարածքով անցկացնեն, դիվիդենտներ ինքն ունենա:
«Իրանին անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ: Իրանի էներգակիրները դեպի Եվրոպա անցնում են Թուրքիայի միջով: Տեսնում ենք, որ Թուրքիայում լարված իրավիճակ է, թուրք-իրանական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, քրդական գործոնն է ակտիվացել: Իրանն ուզում է այլընտրանքային ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա հենց այս ուղղությամբ: Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանը կարող է գտնել ազատ գումարներ, որպեսզի ներդրում անի և կարողանան իրականացնել այդ ծրագիրը, շահագրգռել Իրանին: Բնականաբար, Ադրբեջանն առաջարկելու է իր տարածքը որպես այլընտրանք»,-ասաց Գ. Իսկանդարյանը:
Ըստ նրա, Իրանն առաջին հերթին ցանկություն ունի Հայաստանի տարածքով անցկացնելու, քանի որ գիտակցում է, որ Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է Թուրքիայի որոշումները, հետևաբար՝ թուրք-իրանական հարաբերությունների լարվածության դեպքում Ադրբեջանը կպաշտպանի հենց Թուրքիայի շահերը:
«Այս դեպքում Իրանը նորից այլընտրանքային ճանապարհ չի ունենա: Պարզ է, որ Հայաստանն է այլընտրանքային ճանապարհը»,- ասաց իրանագետ Գ.Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին