2,5 անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը. ԱՆ
Այսօր Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հաստատվել է առողջապահության նախարարության կողմից մշակված վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը` համարվելով առաջնահերթություն։
ԱՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարար Արմեն Մուրադյանի գլխավորոթյամբ տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել է, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը վատթարացնող է` ծնելիության ցուցանիշը և բնական աճը կրճատվել են`1990թ.- 80.039 ծնունդ, իսկ 2014թ.-43.340, բնական աճը` համապատասխանաբար 16.3 և 5.1:
Ըստ աղբյուրի, ռազմավարության իրականացման առաջին շատ կարևոր քայլն էր 2008թ. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրավամբ դարձրեց անվճար, ինչը նպաստեց որակական ցուցանիշների բարելավմանը: Այսպես, եթե մայրական մահացության ցուցանիշը 1998-2000թթ. եղել է 39,9/100.000 կենդանածնության հաշվով, ապա 2014թ. 18,6/100.000 կենդանածնության հաշվով կամ նվազել է ավելի քան 2 անգամ:
2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ ցածր մակարդակ, 5 դեպք` մահացության ինդեքսը 13: Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ:
Հատկապես տպավորիչ են մանկական և նորածնային մահացության ցուցանիշների կրճատումը (մանկական մահացություն-2011թ.` 11, 7%, 2014թ.` 8,7%, նորածնային մահացություն` 2011թ.` 8,4%, 2014թ.` 6,7%, որը հասանելի է հազարամյակի թիրախային ցուցանիշին)։
Առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը 1998թ. եղել է 32%։ Ժամանակակից հետազոտման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ներդրման շնորհիվ անպտղությունը կրճատվել է ավելի քան կրկնակի անգամ` 2014թ. կազմելով 14,9%։
Հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ 2,5 անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման, ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման:
«Սա ամենից կանոնակարգված ոլորտն է, բայց մենք պետք է ավելին անենք ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև ծնելիության ավելացման, հետևաբար և ժողովրդագրական ցուցանիշների բարելավման նպատակով»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այնուհետև, ըստ աղբյուրի, քննարկվել են այն ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների բարելավմանը։ Եղան բազմաթիվ առաջարկներ դեռահասների առողջության պահպանմանը, հղիության վարման և հսկողության բարելավմանը, հղիների ախտաբանության վաղ ախտորոշմանը և բուժման բարելավմանը, պրենատալ ախտորոշման, անհաս, ցածր քաշով և ախտաբանություններով նորածինների խնամքի, անպտուղ զույգերի հետազոտման և բուժման բարելավմանը, ինչպես նաև զույգերի մինչամուսնական հետազոտմանը և նախաբեղմնավորման խնամքի ներդրմանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։
Նշենք, որ ներկայումս մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում