Ասադը նշանակել է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաման է արձակել, համաձայն որի այս տարվա ապրիլի 13-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությանը:
Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Բաշար ալ-Ասադն արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ժամանակ բազմիցս ասել է, բացի խորհրդարանական ընտրությունների անցկացումից արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Սիրիայի բնակիչների մեծ մասն իրեն աջակցում է, և նա մտադիր է նորից մասնակցել ընտրությունների: