Արամ Մանուկյանը ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու հայտարարություններում ակնհայտ ստեր է տեսնում
«Համեստ միջոցներով ՀԷՑ-ի վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքում բավականին խախտումներ են հայտնաբերվել ու ներկայացվել դատախազություն, որպեսզի իրավապահները հայտնաբերեն ու պատժեն խախտում անողներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեծ հույս ու հավատ չունենք, թե դատախազությունն արձագանքելու է կամ հետևողական է լինելու անցած տարիներին պարտքեր կուտակելու, ինչպես նաև մուծումներ չկատարելու համար մարդկանց պատժելու գործում, ինչպես դա չարեց գազի գործում: Նշեմ, որ գազի գործով նյութերն ավելի մեծ կրիմինալ էին պարունակում»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Մանուկյանի համար անհասկանալի է ՀԷՑ-ի պարտքերը մարելու նպատակով արտոնյալ վարկ վերցնելու վերաբերյալ իրար հաջորդող ու հակասող հայտարարությունները:
«Ինձ թվում է ավելի ոչ ճշմարտամոտ է Երվանդ Զախարյանի հայտարարությունը, որ վարկը վերցվում է ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար: ՀԷՑ-ի պարտք հասկացողություն ցույցերից ու որոշումներից հետո չպետք է լիներ, թանկացման իմաստը հենց այն է, որ այդ պարտքերը չլինեին, ՀԷՑ-ի մասնաբաժնի նոր տերը խնդիր դրեց խնայողությունների, դրանք եղել են, հավելագրումներ՝ նույնպես, հայտարարություն եղավ, որ ՀԷՑ-ը պետք է աշխատի շահույթով: Ու հանկարծ խաղաղ երկնքում ամպրոպ »,-ասաց նա:
Մանուկյանը նաև չի հասկանում, թե պետության ի՞նչ գործն է մասնավոր ընկերության պարտքերի համար վարկ վերցնելը, էլ ինչո՞ւ թանկացրին:
«Եվ շանտաժ են անում: Ամենավտանգավոր կետն այստեղ դա էր, որ երաշխավորում ենք, որ այս վարկը վերցնելուց հետո թանկացում չի լինելու: Մտածեք հակառակը, եթե պառլամենտում այս համաձայնագիրը չի անցնում, ուրեմն թանկացում լինելու է: Սա շանտաժ է ու պոպուլիզմ, և այն դեպքում, երբ ողջ աշխարհում էներգակիրները 30-40 տոկոսով էժանացման ճանապարհին են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա կարծիքով, այս պատմության մեջ ակնհայտ ստեր կան, ճշմարտությունը թաքցնում են:
ՀԷՑ ընկերության նախօրեին տարածած հայտարարության մեջ ասված էր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն Ընկերության սեփական միջոցների հաշվին, համապատասխան գումարը ներառված է Ընկերության 01.08.2015թ. – 01.08.2016թ. գործող սակագնում: Այսօրվա դրությամբ կա հստակ ձևավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչև 2016 թ. օգոստոսի 1-ը Ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԷՑ-ը սպառնում է պատժել հավելագրումներ թույլ տված աշխատակիցներին
- էներգետիկայի նախարարությունը պարզաբանում է, թե ինչպես են ծախսվելու արտոնյալ վարկերը
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը