
ՀԷՑ-ի նոր գնորդը որևէ առնչություն չունի ընկերության պարտքերի հետ. Երվանդ Զախարյան
Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության նոր գնորդը որևէ առնչություն չունի ընկերության պարտքերի, ստեղծված ֆինանսական ճեղքերի հետ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ արձագանքելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մտահոգություններին:
Նշենք, որ պատգամավորը մտահոգություն էր հայտնել, որ Համաշխարհային բանկից Հայաստանի կառավարությունը 30 մլն դոլար արտոնյալ վարկ է ստացել՝ ընկերությունում կուտակված պարտքերը մարելու համար:
«Ֆինանսական ճեղքվածքը առաջացել է մինչև 2014 թվականի ավարտը, և վարկը ձևակերպվում է, որպեսզի հնարավորություն տրվի էներգետիկայի պետական սեփականություն հանդիսացող ընկերություններում կարգավորել ֆինանսական ճեղքվածքը», -ներկայացրեց նախարարը: