Հրանուշ Հակոբյան. Բավականին ծանրություն է, բայց մեր հայրենակիցներն են
Եվրամիությունը փախստականներին 5 միլիարդ եվրո է հատկացրել, ևս 3 միլիարդ խոստացել, ԱՄՆ-ն 5 միլիարդ դոլար է տրամադրել, սակայն Հայաստանն այդ գումարից ոչինչ չի ստացել։ «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն որոշումներ» աշխատաժողովի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Ըստ նրա, միակ օգնությունը, որը ստացել է Հայաստանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի փոքրիկ աջակցությունն է, նաև Քուվեյթից, Ավստրիայից և Ռուսաստանից է աջակցություն ստացել սիրիահայերի խնդիրների լուծման համար:
Նախարարի խոսքով, Հայաստանը The Economist թերթի կողմից կազմված ցանկի համաձայն, ամենաշատ փախստական ընդունած երկրների շարքում երրորդն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո: Հ. Հակոբյանը նշեց, որ բնակչության թվով հաշվելու դեպքում, Հայաստանն առաջինն է:
«Բավականին ծանրություն է, բայց մեր հայրենակիցներն են, սիրով պարտավոր ենք նրանց հարցերը լուծել»,- ընդգծեց սփյուռքի նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ լուծել բոլոր խնդիրները, անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Հ. Հակոբյանի ներկայացրած տվյալներով, միայն իրենց ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օղակներով 1500 սիրիահայ այսօր Հայաստանում աշխատում է, 150 հոգի պետությունից ստացել է 5 տարի ժամկետով 4 տոկոսով վարկ:
Ինչ վերաբերում է նոր բիզնես սկսելուն և այդ գործընթացում հանդիպող դժվարություններին, մասնավորապես սիրիահայերի այն բողոքներին, որ իրենց կազմակերպություններում հարկային ստուգումներ են իրականացվում, նախարարը նշեց, որ Հայաստանի և Սիրիայի հարկային օրենսդրությունները, բնականաբար, տարբեր են, այդ իսկ պատճառով սիրիահայերի համար կազմակերպել են դասընթացներ, արևմտահայերենով տպագրել են հարկային, մաքսային օրենսդրությունը:
«Դասընթացների ժամանակ կարող են ներկայացնել բիզնես ծրագրեր, եթե հանձնաժողովի հավանությանն արժանան, պետությունը 10-15 հազար դոլարին համարժեք դրամ է տալիս, որպեսզի իրենց մանր կամ միջին բիզնեսը սկսեն»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, հարկային ստուգումների առումով Հայաստանում որևէ մեկն արտոնյալ չպետք է լինի, բոլորը պետք է գործեն համապատասխան օրենսդրության շրջանակում:
«Հաճախ կարող ենք սիրիահայերից դժգոհություններ լսել: Սակայն պատճառը ոչ թե այնքան Հայաստանի պայմաններ են, այլ առաջին հերթին՝ նրանց ընտանիքները կիսված են, մի մասն այստեղ է, մի մասը Սիրիայում, անընդհատ ռմբակոծություններից հետո նրանց հոգեբանական վիճակն էլ ծանր է, ամեն օր ունեզրկվում են ՝ ռմբակոծությունների հետևանքով ավերվում է նրանց բնակարանը, տուժում է բիզնեսը: Քանի դեռ Սիրիայում չի դադարել պատերազմը, մեր հայրենակիցների վիճակը չի կարող հանգիստ, խաղաղ, բարենպաստ լինել»,- ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: