Նախարար. Վերջին օրերին Սիրիայից կրկին եկողներ ունեցանք
Սիրիահայերի հիմնական մասը Հայաստանում ինտեգրվել է, աշխատում են, սակայն կան որոշակի բարդություններ հատկապես բնակարանների, աշխատանքի հիմնահարցերում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Փորձում ենք ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև համահայկական բարեգործական կազմակերպությունների ուժերը մեկտեղել, կարողանալ օգնել, որպեսզի յուրաքանչյուր մեր հայրենակից, ով կարիք ունի բնակվարձի, անպայման ստանա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ 800 ընտանիք ամեն ամիս ստանում է 200 դոլարին համարժեք հայկական դրամ, որպեսզի լուծի բնակարանի վարձի խնդիրը:
Հ.Հակոբյանի խոսքով, Սիրիայում սկսված հակամարտությունից հետո Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ, այսօր Հայաստանում կա 16 հազար սիրիահայ: Հայաստանից հիմնականում գնացել են Շվեդիա, ավելի քիչ Կանադա:
«Միշտ շարժ կա: Սիրիայում յուրաքանչյոր ռմբակոծությունից հետո ավելանում է շարժը: Վերջին շրջանում կարծես դադարել էր, սակայն վերջին տասը օրերին, երբ վիճակը կրկին ծանրացավ, մենք նորից եկողներ ունեցանք»,- նշեց նախարարը:
Նա հույս ունի, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի բանակցությունների արդյունքում հրադադարի ռեժիմը կհաստատվի, ինչը նոր հնարավորություն է, այնտեղ բնակվողների վիճակն ավելի կկայունանա:
Նախարարն ասաց, որ Լիբանանից հիմնականում գնում են Կանադա, քանի որ Կանադայի իշխանությունները տոմսի, վիզայի խնդիրն անվճար լուծում են:
«Սակայն Կանադայում արդեն հանդիպում են խնդիրների, և լեզվի հետ կապված, և սոցիալական, քանի որ Կանադան որևէ սոցիալական երաշխիք չի տալիս, ասում է եկեք, մնացածն ինքներդ լուծեք: Այդ իսկ պատճառով ինչքան շատ հիմնավորվեն Հայաստանում, ավելի հեշտ կլինի նրանց և հետագայում ցանկության դեպքում Սիրիա վերադառնալու առումով, և խնդիրները լուծելու»,- ասաց սփյուռքի նախարարը: