Հայկական կրկեսի պատմությունը՝ մեկ գրքում
Այս տարի լրանում է հայկական կրկեսային ազգային կոլեկտիվի 60-ամյակը: Այդ առիթով Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սոս Պետրոսյանը գիրք է գրել՝ «Հայկական կրկես»:
«Ժամանակն է, որ մենք ունենաք հայկական կրկեսային արվեստի, կրկեսի դերասանների մասին գիրք՝ ներկայացնելով մեր կրկեսային արվեստի փառահեղ էջերը և դերասաններին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Հայկական կրկեսային ազգային կոլեկտիվը ստեղծվել է 1956 թվականին ժողովրդական արտիստ Վաղարշակ Արզումանյանի կողմից: Ս.Պետրոսյանը ներկայացրեց ստեղծման պատմությունը. «1956 թվականին Մոսկվայում պետք է տեղի ունենար հայկական տասնօրյակ: Հարց էր ծագել, որ պետք է անպայման ներկայացվի նաև հայկական կրկեսային արվեստը: Այդ տասնօրյակից կես տարի առաջ Վաղարշակ Արզումանյանին հանձնարարվում է ստեղծել ազգային կոլեկտիվ: Կրկեսը համամիութենական կազմակերպություն էր, դերասանները հանդես էին գալիս տարբեր երկրների կրկեսներում: Վաղարշակ Արզումանյանը հավաքեց բոլորին և ստեղծեց ազգային կրկեսային կոլեկտիվ»:
1963 թվականին, երբ արդեն կոլեկտիվում էին Լեոնիդ Ենգիբարյանը, Ստեփան Իսահակյանը, այն ստանում է «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը:
Ս. Պետրոսյանի խոսքով, գիրքն արդեն պատրաստ է, այժմ լուսանկարներն է ընտրում: Այս տարվա մայիս-հունիսին, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի:
«Ֆինանսավորման հետ կապված դիմել եմ տարբեր կառույցների՝ պետական, մասնավոր: Դեռևս պատասխան չեմ ստացել: Եթե չօգնեն, ես իմ հաշվին կանեմ: Պարտավոր եմ դա անել»,- ասաց Ս.Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան