Քանի՞ տարի է պետք, որ մարտի 1-ի մասին պարզ հարցերը պատասխան ստանան. Հարց կառավարությանը
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությունից փորձում էր հետաքրքրվել, թե ինչ փուլում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի գործով կառավարության հետ կոմունիկացիաների փուլը:
«Մարտի 1-ի զոհերի տուժածների բողոք-գանգատը Եվրոպական դատարանում հասել է կոմունիկացիաների փուլ, իսկ դա նշանակում է, որ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը ուղարկել է հարցեր այն մասին, թե ի՞նչ ընթացքում է գտնվում գործը: Բայց հանցագործության կատարման 8-րդ տարում Հայաստանի իշխանությունը Եվրադատարանից ժամկետ է խնդրել պատասխանելու համար: Դեկտեմբերին պետք է պատասխաներ, բայց կառավարությունը ժամկետը երկարաձգել է մինչև մարտի վերջ: Դեռ քանի՞ տարի է պետք, որ մարտի 1-ի մասին պարզ հարցերը պատասխան ստանան: Ինչ վիճակում է ՄԻԵԴ-ի հետ կոմունիկացիաների փուլը»,- դիմելով կառավարությանը հետաքրքրվեց պատգամավոր Մանուկյանը:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և վստահեցրեց, որ Եվրոպական դատարանից ուղարկված ցանկացած հարցում երկար ուսումնասիրվում է և հիմնականում հենց այդ պատճառով է, որ երկար ժամանակ է պահանջվում դրանց պատասխանելու համար: