Աղվան Վարդանյան. Այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին ու մեր ժողովրդին
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Համագործակցության համաձայնագիրն իսկապես երկար աշխատված հիմնարար փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին»,-փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Ինչ-որ առումով դա ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են մեր երկու քաղաքական ուժերի հիմնական համադրելի նպատակները, նաև ՀՀ նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդունելի են մեզ համար»,-ասաց Ա. Վարդանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ երկրում քաղաքական նոր մշակույթ է ձևավորվելու. «Եվ քաղաքական ուժերը ոչ թե առճակատվելու են, թշնամանքով վերաբերվեն՝ միմյանց ոչնչացնելու նպատակով, այլ իսկապես փորձեն ցանկացած հարց քննարկել, բանակցել, լուծումներ գտնել, ոսկե միջինը: Ես վստահ եմ, որ այս փաստաթղթով համատեղելով այդ երկու քաղաքական ուժերի հնարավորությունները կարողանալու ենք մեր երկրում՝ քաղաքական, նաև սոցիալ-տնտեսական, նաև հոգևոր-մշակութային ոլորտներում որակական, արմատական փոփոխությունների ուղի բացել: Տա Աստված, և մենք այդքան կամք ունենք, որ այս փաստաթղթից բխող անելիքները, որոնք շատ կոնկրետ են որոշ դեպքերում, կարողանանք կյանքի կոչել: Այս համագործակցությունը, վստահ եմ, ծառայելու է մեր երկրին ու մեր ժողովրդին»: