Շատ եմ խնդրում, կիսապաշտպան արտահայտությունը մի արեք. Արման Թաթոյան
«Պարոն Թաթոյանին տված 96 կողմ ձայները ամբողջ քաղաքական դաշտի ներկապնակի վստահության քվեն է, որովհետև գրեթե բոլոր խմբակցություններից մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի փակ, գաղտնի ընտրություններին», -այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նոր Օմբուդսմենին աշխատակազմին ներկայացնելիս հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Թաթոյանի ներկայացմանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թաթոյանն ի պատասխան նկատեց, որ օրենքով ընձեռված հնարավորությունների շրջանակում կփորձեն «պատվով կատարել բոլոր խնդիրները»:
«Օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել ինչ-որ քաղաքական գործոններով», -պաշտոնական ներկայացումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նոր Օմբուդսմենը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Թաթոյանը պատրաստվո՞ւմ է փոխել աշխատակազմը, նա պատասխանեց, որ այս պահին կա ձևավորված թիմ և աշխատելու են թիմի հետ միասին:
Լրագրողները այսօր ևս Օմբուդսմենից հարցրին, թե ե՞րբ է այցելելու կալանավորված ընդդիմադիր ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանին ու Վարդգես Գասպարիին, նա նույն պատասխանը տվեց՝ նշելով, որ ինքը չի ուսումնասիրել նշված անձանց գործերի բոլոր հանգամանքները:
«Նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ՝ ինչ ենք անում, ինչից ենք սկսում: Շատ հարցեր կան լուծելու», -հավելեց Պաշտպանը:
Դիտարկմանը, թե Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարվում էր, թե Հայաստանում չկա լիարժեք պաշտպան, կա կիսապաշտպան, Արման Թաթոյանը արձագանքեց.
«Շատ եմ խնդրում կիսապաշտպան արտահայտությունը մի արեք, դա պաշտպանի դիրքերից չի բխում և չի օգնում հեղինակությանը, համաձայն չեմ նման արտահայտությունների հետ: Մարդու իրավունքների բոլոր պաշտպանները, բոլորն էլ կատարել են իրենց պարտականությունները, և լիազորությունները առանձնահատուկ են, կան բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են»:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը ընտրվեց Օմբուդսմեն և երդվեց
- Վահրամ Բաղդասարյան. Ընտրվելուց հետո Արման Թաթոյանը կդառնա բոլորիդ թեկնածուն
- ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ա.Թաթոյանի թեկնածությանը
- Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան