Իրանի ընտրություններից հետո էական փոփոխություններ չեն լինի. իրանագետ
Փետրվարի 26-ի ընտրություններից հետո շատ լուրջ և կտրուկ փոփոխություններ Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետք չէ ակնկալել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
«Բավական հանգիստ մթնոլորտում ընթացող նախընտրական գործընթացից կարելի է եզրակացնել, որ ընտրությունների արդյունքներում անակնալներ չեն լինի»,-նշեց իրանագետը:
Նրա խոսքով, Հայաստանի հետ կապված նույնպես այդ ընտրություններից հետո էական փոփոխություններ չեն լինի:
«9 հայ թեկնածու կար, մեկը ինքնաբացարկ հայտարարեց, սակայն ընդամենը երկու հայ թեկնածուի տեղ կա: Հայ համայնքում ազդեցիկ են այն թեկնածուները, որոնք նախկինում էլ են աշխատել մեջլիսում: Ըստ էության հայերը ինչպիսի ներգրավվածություն որ ունեցել են, հետագայում էլ կպահպանվի»,-ասաց Ռ. Յարալյանը՝ հավելելով, որ բավական ակտիվ և հայ համայնքի կողմից ընդունելի է ՀՅԴ թեկնածուն: