«Քո մոտ վարձով չեմ աշխատում». Բագրատյանն ու Այվազյանը ԱԺ-ում վիճեցին
Այսօր Ազգային ժողովում Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի և Հրանտ Բագրատյանի միջև բուռն վեճ ծագեց:
Օրինագիծը, որը ԱԺ է ներկայացրել կառավարությունը, քննարկվում է առաջին ընթերցման ռեժիմով: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի օրենսդրությունը ԵՏՄ շրջանակներում ստորագրված «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար պետական տուրք գանձելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող և ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:
Օրինագծի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից Բագրատյանը խնդրեց մատնանշել ԵՏՄ շրջանակներում ստորագրված այն փաստաթղթի կամ համաձայնագրի կետը, որի համաձայն Հայաստանը պարտավորված է այլ երկրների հետ առևտուր անելիս լիցենզիա տրամադրել:
«Խնդրում եմ նշել այդ կետը: Բերեք ցույց տվեք», -դիմելով Այվազյանին, ասաց Բագրատյանը:
Ի պատասխան Այվազյանը նկատեց, որ դա նախատեսվում է ԵՏՄ հիմնական փաստաթղթով և ընդիմջման ժամանակ ինքը կարող է ցույց տալ Բագրատյանին:
«Կոնկրետ կետը ցույց կտամ, կգաք, ցույց կտամ», -հավելեց Այվազյանը:
Իր հարցը տալու ժամանակ Թևան Պողոսյանը հարակից զեկուցողից հետաքրքրվեց, թե հաշվարկվե՞լ է արդյոք տարեկան ինչքան գումար է գանձվելու պետական բյուջե այդ 1000 դրամներով: Այվազյանը պատասխանեց, որ տարեկան կտրվածքով բյուջե գանձվող այդ գումարը կազմում է կես միլիոն դրամ:
«Հազար դրամի համար չարժի, որ մենք ասենք՝ մեծ գումար ա ու ազատենք էդ հարկից կամ չազատենք», -հավելեց իշխանական խմբակցության պատգամավորը:
Բագրատյանը նստած տեղից էլ չէր հանդարտվում և դժգոհություն էր հայտնում քննարկվող նախագծի վերաբերյալ՝ նրա համար տարօրինակ էր, թե ինչու է լիցենզավորում իրականացվում և փորձում էր հասկանալ, թե ինչու օրինագծին կցված չէ համաձայնագիրը, որին ծանոթանալով իր մոտ հարցեր չէին առաջանա:
«Հեսա ընդմիջում ա, ինչքան թուղթ կուզես կբերեմ, քո մոտ էլ վարձով չեմ աշխատում ըտենց գոռում ես վրես», -բացականչեց Այվազյանը:
Պատգամավորների հեռակա վեճին միջամտեց ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Տեղից բանավեճը վերջացրեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան