Տնտեսագետը՝ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հեռանկաների մասին
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների հեռանկարներին, նշեց, որ Հայաստանի համագործակցությունը Իրանի հետ հիմնականում էներգետիկ ոլորտում է, թեև համագործակցություն կա նաև զբոսաշրջության, առևտրի ոլորտներում:
«Մինչև 2018 թ-ը նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, ինչը, բնականաբար, կմեծացնի երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը»,- ասաց Կ.Խաչատրյանը:
Տնտեսագետը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում կարևորեց Չինաստանի առաջարկած «Մետաքսի ճանապարհ»-ի գաղափարը, որի տարածման երկրներից մեկը պետք է դառնա Հայաստանը: «Դեռևս ծրագիրը նախնական փուլում է, բավականին մեծ ներդրումներ են պահանջվում, սակայն եթե դոնոր կազմակերպություններից և չինական կառավարությունից ներդրումներ կատարվեն, բնականաբար, դա լուրջ ազդակ կլինի մեր տնտեսության զարգացման համար, քանի որ «Մետաքսի ճանապարհ»-ի շրջանակում խոսք է գնում Իրան-Հայաստան երկաթգծի գործարկման մասին, ինչը կբերի տրանսպորտային ծախսերի նվազման»,- ընդգծեց տնտեսագետը:
Կառլեն Խաչատրյանը կարևորեց նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը:
Հարցին, թե Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը ավելի մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան Իրան-Ադրբեջան երկաթգիծը, արդյոք Իրանը չի ընտրի Ադրբեջանին, Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այս հարցը միայն տնտեսական բաղադրիչ չունի, այստեղ պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական շահերը: Եւ նա հնարավոր համարեց երկու երկաթգծերի կառուցումը:
«Այսօր բոլոր երկրները փորձում են դիվերսիֆիկացնել թե իրենց շուկաները, թե իրենց իրացման ուղիները, և այդ տեսանկյունից Իրանը չորս ուղղություն է դիտարկում, որից մեկը Հայաստանն է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները