Անդրանիկը, դժբախտաբար, հուշեր չի թողել իր ապրումների մասին. Ամատունի Վիրաբյան
Անդրանիկ Զորավարը, ինչպես կենդանության տարիներին ունեցավ բարդ ճակատագիր, նաև մահից հետո նրա մասին հիշողությունները եղել են բարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
151 տարի առաջ այս օրը Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ)Անդրանիկ Թորոսի Օզանյանը:
«Ցավում եմ, որ Անդրանիկի 150 ամյակը պատշաճ, կառավարական մակարդակով չնշվեց»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը:
Ա. Վիրաբյանի խոսքով, անդրանիկապաշտներն այսօր մեր երկրում շատ են, սակայն պատմական փաստերում շատ հակասություններ են եղել նրա կյանքի հետ կապված. «Անդրանիկին անդրադարձել են շատ շատերը, և կենսագրական, և գեղարվեստական տարբերակով: Իսկ պայքարի մեջ գտնվող մարդու կերպարում միշտ հակասական գծեր եղել են: Պատահական չէ, որ հազարավոր էջեր կարելի նվիրել նրան: Մերօրյա հայացքներում էլ այսօր նրա հետ կապված վիճահարույց հարցեր կան»:
Ազգային արխիվի տնօրենն ասաց, որ շատ փաստաթղթեր կան Զորավարի հետ կապված, որոնք այսօր էլ շարունակվում են հարստացվել՝ անգամ փոքրիկ իրերով՝ կոճակներով ու կրծքանշաններով. «Անդրանիկը, դժբախտաբար, հուշեր չի թողել իր ապրումների մասին: Նա անձնական կյանք չի ունեցել և իր կյանքը նվիրել է ժողովրդի ազատագրմանը, եղել է հրաշալի ռազմիկ, պարտիզան, բայց քաղաքական գործիչ չի եղել, հեռու է եղել քաղաքականությունից և դա բնական է»: