«Ո՞վ է ասել, որ պետությունն է տալու այդ վարկը». Զախարյանը՝ ՀԲ-ի վարկի մասին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար ՀՀ կառավարությունը վարկ վերցնի Համաշխարհային բանկից, նախարարն ասաց, որ պետությունը չի փակում այդ վարկը:
«Դա ընկերություններն են փակում իրենց միջոցների հաշվին: Ո՞վ է ասել, որ պետությունն է տալու այդ վարկը, նման բան ո՞վ է ասել: Պետությունը թույլ է տալիս, որ ընկերություններն այդ վարկը վերցնեն»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե այդ պարտքերը կուտակվել են, քանի որ ՀԷՑ-ը ժամանակին չի վճարել ոլորտի ընկերություններին՝ արտադրած էլեկտրաէներգիայի դիմաց, ապա այդ դեպքում ինչո՞ւ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ, նախարարը պատասխանեց. «Ոչ բոլոր պարտքերն են ՀԷՑ-ինը: Մենք թանկ չենք վճարում, այդ վարկերը տրամադրվում են ցածր տոկոսներով և որևէ ազդեցություն, ես արդեն մի քանի անգամ կրկնել եմ, սակագների վրա դա չի ունենա: Բացի այդ, ամբողջ 30 մլն դոլարը վարկը վճարվելու է ընկերությունների կողմից, պետությունը դրա վերաբերյալ որևէ պարտավորություն չունի»:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը վարկ վերցնում, Երվանդ Զախարյանն ասաց, որ բացի դրանից, կան նաև ընկերությունների չվճարված պարտավորություններ, սակայն չնշեց, թե դրանք որ ընկերություններն են:
«Տարբեր ընկերություններ չեն վճարել, չեմ կարող նշել բոլոր ընկերությունների անունները: Ավելի մանրամասն պարզաբանումների համար կարող եք գալ նախարարություն»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Մանուկյանը՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար վերցված վարկի մասին
- Արամ Մանուկյանը ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու հայտարարություններում ակնհայտ ստեր է տեսնում
- ՀԷՑ-ը սպառնում է պատժել հավելագրումներ թույլ տված աշխատակիցներին
- էներգետիկայի նախարարությունը պարզաբանում է, թե ինչպես են ծախսվելու արտոնյալ վարկերը
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
- Երվանդ Զախարյան. ՀԷՑ-ում առկա են դրական զարգացումներ