Կրթական համակարգն իսկապես պետք է ապակուսակցականացնել. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետ պատասխանելով լրագրողների հարցին, թե նախկինում իր պաշտոնավարման տարիներն ասոցացվում են օպտիմալացման ծրագրի հետ, նշեց, որ օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, այդ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է:
Նրա խոսքերով՝ «օպտիմալացում» բառն արդարաբար ժողովրդի մոտ բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման և համապատասխանեցման ծրագիր:
«Թե այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը երբեմն նաև չի հաջողվել, այդ խնդիրները կան: Բայց որ ուշադրության կենտրոնում համար առաջին խնդիրը պետք է լինի դպրոցն ու ուսուցիչը, պետք է փորձենք և՛ բյուրոկրատական քաշքշուկներից ազատել, և՛ թողնենք մարդիկ իրենց կրթության որակի խնդիրներով զբաղվեն»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:
Հարցին, թե ինչ է արվելու, որպեսզի դպրոցներն իրենց մանկավարժական կոլեկտիվներով ներգրավված չլինեն ընտրական գործընթացների մեջ, կրթության և գիտության նախարարն ասաց, որ դպրոցները կփորձի հնարավորինս զերծ պահել ընտրական գործընթացներից:
«Դա մի քիչ բարդ է, նույն տնօրենները, ուսմասվարներն այն մարդիկ են, ովքեր ուզեն թե չուզեն տվյալ գյուղում ընտրական գործընթացներում պետք է ընդգրկված լինեն, բայց որ պետք է կրթական համակարգն իսկապես ապակուսակցականացնել և փորձել, որ տնօրենն ու ուսուցիչը զբաղվի հիմնական գործունեությամբ, դա մեզ համար առաջնահերթ է»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին