«Ինձ ժամանակ տրամադրեք». Արծվիկ Մինասյանը՝ լրագրողներին
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ հեղափոխական փոփոխություններ է կատարելու Հայաստանի մոնոպոլիզացված տնտեսությունում ասաց. «Ինձ ժամանակ տրամադրեք, ծանոթանամ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետո առաջարկները՝ հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա, կհրապարակենք: Խնդրելու եմ ձեզ, որ մեզ աջակցեք մեր գործունեության ընթացքում»:
Դիտարկմանը, թե Հայաստանի տնտեսության առողջացման համար էական քայլեր չեն արվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ համամիտ չէ այն քաղաքական գնահատականին, թե ոչ մի քայլ չի իրականացվում:
«Մենք կարող ենք խոսել ձեռնարկված գործողությունների արդյունավետության չափի, մակարդակի մասին, նոր գործողությունների մասին: Դրա համար եմ ասում՝ սպասեք, շատ չէ: Ես կծանոթանամ համակարգին և դրան համապատասխան հրապարակային կլինեն բոլոր ծրագրերը և գործողությունները», -ընդգծեց նորանշանակ նախարարը:
Անդրադառնալով նախարարությունում կադրային փոփոխություններին, Արծվիկ Մինասյանն ասաց՝ ընդամենը մեկ ժամ է, որ ներկայացվել է որպես նախարար. «Մի խեղդեք ինձ, սպասեք մի քիչ»: