Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ջերմ հարաբերություններ է ունեցել Իրանի թշնամիների հետ
«Ադրբեջանը, իրանական մշակութային արժեքները գողանալով, դրանք ներկայացնում է որպես ադրբեջանական»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է իրանցի փորձագետ Մեհդի Նալբանդին:
Համաձայն տեղեկատվության՝ Ադրբեջանի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադռեզա Քաֆաշն Իրան-Ադրբեջան հարաբերություններին նվիրված գիտաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով երկու երկրների միջև առկա խնդիրներին, մասնավորապես նշել է. «Վերջին տարիներին Ադրբեջանը ջերմ հարաբերություններ է ունեցել Իրանի թշնամիների հետ, բռնաճնշումներ է իրականացրել շիաների նկատմամբ, հակաիրանական դիրքորոշում ունեցող խմբավորումներին ազատ գործունեության թույլտվություն է տվել»:
Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա մակարդակին, իրանցի փորձագետը հավելել է. «Իրանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպման ժամանակ հնչած համատեղ հայտարարության մեջ հիշատակվում էր նաև անվտանգության հարցը, սակայն ինչպես հետագա գործողությունները ցույց տվեցին, Իրանի միջուկային հաստատություններից մեկի շրջակայքում անօդաչու ինքնաթիռ վնասազերծվեց, որն օդ էր բարձրացել Ադրբեջանից»:
«Ընթացիկ տարվա ընթացքում Ադրբեջանում անջատողական խմբավորումներն ակտիվացել են, և նրանք մի քանի անգամ հավաքներ են կազմակերպել Իրանի հյուպատոսության առաջ»,-հավելել է իրանցի փորձագետը:
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Նալբանդին էլ, անդրադառնալով 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, նշել է. «Այդ գործողությունները պատերազմի հայտարարում էր՝ շիաներին, և դրանք իրենց ազդեցությունը կունենան Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա»:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանական մշակութային արժեքները յուրացնելու փաստերին, մասնավորապես հավելել է. «Շուրջ 20 տարի է, ինչ Ադրբեջանը սխալ վերաձևում է պատմությունը և, իրանական մշակութային արժեքները գողանալով, դրանք ներկայացնում է որպես ադրբեջանական»:
«Եթե մինչ այժմ, հարևանության հանգամանքը հաշվի առնելով, Ադրբեջանի՝ Իրանի դեմ իրականակցրած ստորացուցիչ գործողությունների նկատմամբ լուռ ենք մնացել, սակայն ուզում ենք զգուշացնել, որ եթե այսպես շարունակվի, ապա նրանք կգնան Իրանի Շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևի ճանապարհով, և վերջը լավ չի լինի»,-նման եզրակացություն է արել Մեհդի Նալբանդին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան