Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները լուծված են
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում անմխիթար վիճակում գտնվող կենդանիների խնդիրները լուծված են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
«Գյումրիում ունեինք խնդիրներ, մասնավորապես երկու արջ, երեք առյուծ անմխիթար պայմաններում էին՝ սննման ընթացակարգերի, պահպանման պայմանների խնդիրներ կային, որոնք պայմանավորված էին սեփականատիրոջ ֆինանսական վիճակի վատթարացման հետ: Այսօր խնդիրը լիարժեք կարգավորում է ստացել շնորհիվ մեր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի, Կենդանաբույժների համաշխարհային ծառայության գործընկերների, տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց նա:
Փոխնախարարի տեղեկացմամբ, հունվարի վերջին արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ստացել են համապատասխան առաջին բժշկական օգնություն, պատվաստվել են, այժմ վերականգնողական փուլում են գտնվում: Առյուծները մոտ տասը օր առաջ տեղափոխվել են Խոսրովի արգելոցի հարևանությամբ գտնվող կովկասյան ապաստարան, որտեղ իրականացվել է առաջին բժշկական օգնություն, պատվաստումներ:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ արջերը մեկ ամսվա ընթացքում կտեղափոխվեն Ռումինիայի արջերի ապաստարան, առյուծները՝ Մեծ Բրիտանիայի «Peak Wildlife Park» կենդանաբանական այգի:
«Առյուծների տեղափոխման հետ կապված հստակ ժամկետներ չենք կարող նշել: Կախված է կենդանիների առողջական վիճակից: Առյուծներից մեկն ունի շնչառական խնդիրներ: Մասնագիտացված կառույցից անասնաբույժ ենք հիրավիրել: Հույս ունենք առաջիկա չորս ամիսներին կկարողանանք առյուծներին նույնպես տեղափոխել»,- ասաց նա:
Ռուբեն Խաչատրյանի խոսքով, առյուծների տեղափոխման ծախսերը հոգալու է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը, որը ֆինանսավորել է նաև կովկասյան ապաստարանում կարանտին կենտրոնի ստեղծմանը, որտեղ պահվելու են նմանատիպ կենդանիներ, որոնք մասնագետների կողմից բուժման կարիք ունեն:
Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչ Ջեյմս Հոլդենի խոսքով, տեղեկանալով Գյումրիում կենդանիների հետ կապված խնդրի մասին, անմիջապես արձագանքել են:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու կենդանաբանական այգու 3 առյուծները կտեղափոխվեն Ուրցաձոր
- Գյումրիի կենդանաբանական այգին մեր երկիրը պախարակող տեղ է. Նարե Արամյան
- Գյումրիի կենդանաբանական այգու հյուծված գիշատիչները շուտով կտեղափոխվեն Ռումինիա
- Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան