«Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»
«Հայատյացությունը Ադրբեջանում» («Армянофобия в Азербайджане») գիրքն արդեն հրատարակվել է անգլերեն լեզվով, որի հիմնական նպատակն է ավելի լայն շրջանակների հասցնել Ադրբեջանում դրսևորվող հայատյացության երևույթները: Լրագրողների հետ զրույցում գրքի համահեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ ռուսալեզու տարբերակը լույս է տեսել 2013 թվականին, բավականին հետաքրքիր արձագանքի է արժանացել, բովանդակության վերաբերյալ որևէ քննադատություն չի հնչել, քանի որ հենց ադրբջանցիներն են խոստովանել, որ իրենք այն չեն կարդացել:
Գիրքը գրելու համար ուսումնասիրվել է ադրբեջանական մանկական, ուսումնական, գեղարվեստական գրականությունը, պաշտոնատար անձանց հայտարարությունները:
«Գիրքը կազմել ենք՝ ուսումնասիրելով պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները, ադրբեջանական մամուլը, կայքերը, հասարակության շրջանում տարածվող հայատյացության դրսևորումները: Այդ ամենը ինչը հավաքել ենք ու սկսել վերլուծել: Շարունակում ենք հավաքել»,- նշեց Ա. Էլիբեգովան:
Գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց, որ նաև գրքի կայքը կա, որտեղ հավաքված է նաև Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որոնք տեղ չեն գտել գրքում: «Եթե մենք ամբողջը ներառեինք, կստացվեց ավելի քան քսան հատորանոց աշխատություն»,- նշեց նա:
«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը լույս է տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ: Այն տրամադրվել է ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի նախարարություններին, որոնք էլ իրենց միջոցներով տեղ կհասցնեն տարբեր միջազգային կառույցների:
Լրագրողներին նաև ներկայացվեց xocali.net կայքի նորացված, թարմացված տարբերակն ու azerichild.info կայիք անգլալեզու բաժինը:
Ա.Ադիբեկյանի խոսքով, xocali.net կայքում ներկայացված է ադրբեջանական քարոզչության կողմից խեղաթյուրված նյութերը, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում:
«Ներկայացրած ցուցակները հակասում են մեկը մյուսին, 1992 թվականին արված հարցազրույցները, հայտարարությունները լիովին այլ բան են ասում, այսօվա հայտարարությունները՝ այլ, լիովին այլ կերպ է մատուցվում դեպքերը, տեսնում ենք լուրջ տարբերություններ»,- ասաց նա:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ, xocali.net կայքի անգլալեզու տարբերակը բավականին հարստացրել են, նոր ապացույցներ են տեղադրել կեղծիքների վերաբերյալ:
«Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիների Խոջալուի թեման միայնակ է զարգացել, քանի որ Հայաստանը պետական մակադրակով չէր անդրադառնում այս թեմային: Փաստացի երկար տարիներ հնարավորություն է ունեցել ներկայացնել իր տարբերակն առանց հակազդեցության՝ այդպես ներկայացնելով ահռելի քանակի կեղծիքներ»,- նշեց նա:
azerichild.info կայքի անգլալեզու տարբերակում ներկայացված է հայատյացություն պարունակող մանկական ուսումնական գրականություն, մեթոդաբանություն, որտեղ հայերը, ըստ Ա.Ադիբեկյանի, ներկայացված են հրեշների տեսքով:
«Սկզբում ռուսալեզու էր կայքը, քանի որ նյութրեը թարգմանում էինք ադրբեջաներենից: Այսօր նաև հասանելի է անգլերեն տարբերակով՝ այդպես հնարավորություն տալով ավելի շատ մարդկանց հասկանալու, թե ում հետ գործ ունենք»,- ասաց նա:
Հոգեբանական գիտություների թեկնածու Իզաբելա Ղազարյանի խոսքով, երեք տարեկան երեխայի մեջ սերմանում են, որ հայերը չար ուժեր են, և երեխաներն այդպես մեծանալով՝ նրանք հային ընկալում են, ճանաչում են ոչ թե որպես մարդ, այլ չար ուժ:
«Աշխարհը ճանաչում են խեղաթյուրված: Մինչև 12 տարեկան երեխաների մոտ ձևավորվում է՝ ինչպես են ճանաչում աշխարհը: Ադրբեջանցի երեխաները ճանաչում են աշխարհը, որտեղ հայը չար ուժ է»,- ասաց հոգեբանը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով, վերջին տասնամյակներին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանում պետական քարոզչական աշխատանքի հետևանքով հայերին մեղավոր են համարում Ադրբեջանում ամեն վատ բանի համար:
«Այն աստիճանի քարոզչություն է, որ նացիստական Գերմանիայում նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել, ինչպես այժմ Ադրբեջանում է»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շարունակվելու են նմանատիպ նախաձեռնությունները, Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ադրբեջանը մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնել, միշտ նյութեր են տալիս, որոնք վերլուծության կարիք ունեն»:
Ըստ նրա քանի դեռ Ադրբեջանը այդ ուղղու վրա է, իրենք անգործ չեն մնա:
Նա նաև տեղեկացրեց, որ նոր նախագծեր են արդեն մշակում, մասնավորապես Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, հավաքել են հարուստ տեղեկատվական բազա:
Ըստ Ա.Ադիբեկյանի, միջազգային ատյաններում քաջ ծանոթ են, թե ինչ սերունդ է Ադրբեջանում մեծանում, Ադրբեջանում դրսևորվող հայատյացության երևույթների մասին: Իսկ թե ինչու որևէ բան չեն անում, նրա խոսքով, այս դեպքում գործում է քաղաքականությունը: «Չեմ ակնկալում, որ էապես որևէ բան կփոխվի»,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը բացահայտում է, թե ինչպիսի սերունդ է դաստիարակվում Ադրբեջանում (լուսանկարներ, տեսանյութ)
- «Հայատյացություն սնուցող գրականությունն ընդունվում է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից»
- Հայատյացության խորը արմատները Ադրբեջանում. «Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»
- Xocali.net-ի նկատմամբ շարունակվում են հակերային հարձակման փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին