ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
Հայաստանի արդարադատության նախարարությունը մշտական կապի մեջ է ՌԴ արդարադատության նախարարության հետ՝ հետամուտ լինելով հայազգի դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացին և անում է հնարավորինը՝ իր իրավասությունների շրջանակում դատապարտյալի փոխանցման գործընթացը արագացնելու համար: Այդ մասին այսօր Panorama.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի փոխանցման համար ՌԴ Պատիժների կատարման ֆեդերալ ծառայությունը նախապատրաստում է Կոնվենցիայով անհրաժեշտ փաստաթղթերը:
«Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված գործընթացներին, որը ներառում է մի շարք ընթացակարգեր, այդ թվում նաև դատական», -մեզ հետ զրույցում ասաց վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, նմանատիպ գործերը, սովորաբար, տևում են տարուց ավելի:
«Ինչ վերաբերում է դատապարտյալի առողջական խնդիրներին, ապա հայտնում ենք, որ թեև ՀՀ արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի հարազատների կողմից մինչ այս պահը դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, այդուհանդերձ, Արդարադատության նախարարությունն արդեն իսկ, իր իրավասության շրջանակում, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին՝ խնդիրը պարզելու նպատակով. արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք», -հավալեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ համացանցում նախօրեին լուրեր էին տարածվել, թե Հրաչյա Հարությունյանի վիճակը «սարսափելի է, ստորացնում են ու տանջում»:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար