Իրավունքի և ազատության կենտրոն հկ-ն պահանջում է ազատ արձակել Գասպարիին
Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Այդ մասին նշվում է Իրավունքի և ազատության կենտրոն հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։ Նման անմարդկային վերաբերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական անհաշտ դիրքորոշմամբ։ Նա իր բողոքի ակցիաներն իրականացնում էր միայնակ, որոնք կարող է և իշխանավորների հավանությանը չարժանանային, բայց տեղավորվում էին օրենքի շրջանակներում։ Գասպարիի նկատմամբ կիրառվող բռնությունը պետք է դիտարկել նրա նկատմամբ շարունակվող հետապնդումների շարքում։
Իրավունքի և ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը դատապարտում է Գասպարիի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ միջազգային հանրության առջև մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններին։ Թույլ չտալ կալանավայրերում խոշտանգում, բռնություն և անմարդյկային վերաբերմունքի դրսևորումներ։ Ազատ արձակել անհիմն կալանավորված Վարդգես Գասպարիին», -ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վարդգես Գասպարիի փաստաբանների հայտարարությունը
- Գասպարին տեղափոխվել է հոգեբուժարան
- Գասպարիի դեմ կատարվածը քաղաքական հետապնդում է. Փաստաբան