Նալբանդյան. Գյումրի-Կարս երկաթուղու չգործելը խոչընդոտում է տարածաշրջանային կայուն զարգացմանը
Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով «2030 օրակարգի ֆինանսավորումը. Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարցերի շուրջ» քննարկմանը:
«Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը»,-իր ելույթում շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ենթակառուցվածքային զարգացումը առաջնահերթություն է, որը պատշաճ կերպով արտացոլված է վերջերս ընդունված «Առաջիկա տասնամյակի հեռանկարային զարգացման ռազմավարության» մեջ:
«Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի՝ դեպի ծով երաշխավորված մուտքը հարևան տարանցիկ երկրի միջոցով, ըստ էության, մերժվում է, բնական է, որ մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը և փոխադրումները:
Ադիս Աբեբայի գործողության ծրագրի պարտավորություններին համապատասխան՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջև անհավասարությունները հաղթահարելու նպատակով պետք է խթանել օրենքի վրա հիմնված, բաց, թափանցիկ, կանխատեսելի, համապարփակ, ոչ խտրական և անաչառ բազմակողմ առևտրային համակարգերի ներդրումը:
Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ դա կարող է նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը»,-ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նշել է Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ 2016 թվականը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: