ՀՅԴ-ի հետ համագործակցելու համար հենց այս պահն էր ճիշտ. Բաղդասարյան
Կառավարության կազմը լքած բոլոր նախկին նախարարները կարող մարդիկ են, ժամանակի ընթացքում նրանց կլինեն առաջարկներ։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատված ՀՀԿ-ական նախարարներին ու մարզպետներին:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն հենց հիմա որոշեց քաղաքական համագործակցության գնալ ՀՀԿ-ի հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն միշտ բարձրաձայնել է ընդհանուր խնդիրների մասին, ամենապատեհ պահը հիմա է, քանի նրանք կողմնակից էին սահմանադրական փոփոխություններին: Հենց այս պահն էր ճիշտ, որ իրենց ծրագրային դրույթների հետ համընկավ, քանի որ ծրագրային դրույթների հիմքում դրված է կառավարման խորհրդարանական համակարգը: Դրանք կյանքի կոչելուց հետո նրանք անմիջապես արձագանքեցին, ու եկանք ընդհանուր եզրակացության»։
Բաղդասարյանն այսօր էլ պնդեց, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություն ու հայհոյանք չի հնչեցրել: Նա պարզապես անեկդոտ է պատմել միջանցքում: Իսկ թե ինչ անեկդոտ է պատմել, Բաղդասարյանը չմանրամասնեց:
«Եթե ձեզ կհետաքրքիր, կարող եմ Մհեր Սեդրակյանին հրավիրել: Նա ասել է՝ դա լրագրողներին չի վերաբերվում: Ես համոզված եմ, որ լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ես տեսանյութը նայել եմ, հայհոյանք չի եղել»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Անդրադառնալով ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավայրում ճնշելու վերաբերյալ հարցերին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ երբ նա բողոք է հայտնել, արդարադատության նախարարի կողմից անմիջապես խումբ է ուղարկվել նրա մոտ, անմիջապես փորձաքննություն է եղել:
«Գասպարին հայտնել է, որ վարչակազմից բողոք չունի, խցակիցներից է իր բողոքը: Անմիջապես փոխվել է նրա խուցը: Նյութեր են նախապատրաստվել ուղարկվել են դատախազություն: Ինչու չէ, նաև մենք՝ պատգամավորներս, կայցելենք ու տեղում զրույց կունենանք Գասպարիի հետ»,- հավելեց նա: