Իրանում այսօր անցկացվում են Մեջլիսի և Բանիմացների ժողովի ընտրություններ
Իրանում այսօր անցկացվում են Մեջլիսի 10-րդ գումարման և Բանիմացների ժողովի 5-րդ գումարման ընտրություններ: ԻԻՀ կենտրոնական ընտրական շտաբի հաղորդած տվյալների համաձայն՝ ընտրողների թիվը կազմում է 54 միլիոն 915 հազար 24 մարդ:
Մեջլիսի ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար:
Բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 795 թեկնածուներից միայն 161 անձ է արժանացել Պահապան խորհրդի հավանությանը:
Հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քվերակությանը մասնակցելուց հետո հայտարարել է, որ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որ թշնամիները հիասթափվեն:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցել է նաև ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի թոռը՝ Սեյյեդ Հասան Խոմեյնին, որի թեկնածությունը չհաստատվեց Պահապան խորհրդի կողմից:
Հավելենք, որ ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Սկզբնական շրջանում ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրվել էր 9 թեկնածու: Իրանահայ համայնքի՝ «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Սպահանի և հարավային իրանահայության պատգամավորության երեք թեկնածուներից երկուսը՝ Վրեժ Տէր-Մարտիրոսյանը և Արմոնդ Բաղրամյանի հրաժարվել են ընտրապայքարից և սույն ընտրատարածքի միակ թեկնածուն մնացել է Ժորժիկ Աբրահամյանը։ Մնացյալ թեկնածուները, որոնց թվում է ԻԻՀ Մեջլիսի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, պայքարում են Թեհրանի և հյուսիսային իրանահայության մանդատի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում